Եվրամիությունը պատրաստ է իր գործիքները ներդնել ոչ միայն «Թրամփի ուղի» նախագծի, այլ նաև ամբողջ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում կապակցվածությունը խթանելու համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը՝ խոսելով Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ստորագրած փաստաթղթերի մասին։ 

«Իրադարձությունները և հանդիպումները, որոնք եղան Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, Եվրամիության կողմից ողջունվել են, և մենք այդ օրվանից ի վեր պատրաստակամություն ենք հայտնել աջակցել այդ նախաձեռնություններին և կապակցվածությանը։ Մենք պատրաստ ենք մեր գործիքները ներդնել ոչ միայն «Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում, այլ նաև ամբողջ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում, որը ողջունվել է Եվրամիության կողմից դեռ երկու տարի առաջ, երբ Հայաստանի կառավարությունը հայտարարեց դրա մասին»,-ասել է Մարագոսը։ 

Դեսպանը հավելել է, որ Եվրամիությունը հետևողականորեն աջակցում է խաղաղությանը Հարավային Կովկասում։

«Մենք շատ երջանիկ ենք, որ խաղաղությունը գալիս է։ Շատ մանրամասներ դեռ պետք է պարզաբանվեն, բայց մենք այստեղ ենք՝ որպես Հայաստանի, հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության հուսալի գործընկեր, որպեսզի սատարենք ձեզ այս գործընթացում»,- նշել  է Մարագոսը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել