Սեպտեմբերի 23-ին խուլիգանություն, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արմավիրի քաղաքի Գորկու փողոցում գործող «Լե Ման» հանդիսությունների համալիրում կռիվ է: 
 
Ինչպեա հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանի գլխավորությամբ: 

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է: Ժամը 21:10-ի սահմաններում նշված հանդիսությունների համալիրում տեղի ունեցած հարսանյաց արարողության ժամանակ մասնակիցներից Արմավիրի մարզի բնակիներ 24-ամյա Սարգիս Բ.-ն և 31-ամյա Հարություն Պ.-ն, ինչպես նաև արարողությանը մասնակից մի քանի անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և հնչեցրել հայհոյանքներ, ինչի պատճառով էլ խաթարվել է հանդիսությունների սրահի բնականոն աշխատանքը: 

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել