Խորհրդի այս որոշումը երեկ ընդունվել է առանց ընդդիմադիր քաղաքական գործիչների։ Ենթադրվում է, որ շուտով իշխանականներն ու նրանց սպաարկողները կթմբկահարեն, որ հրաժարվել են այս վատ դրույթից, եւ դա պատմական որոշում կհամարեն, քանի որ դրա էությունն այն էր, որ պետք է պարտադիր կերպով կայուն մեծամասնություն ձեւավորվի:
Հիմա դրույթը հանվում է, բայց պարզ չէ, թե դա ինչով է փոխարինվելու։ Բանն այն է, որ փոփոխությունների հայեցակարգում կառավարություն չձեւավորելու 3 տարբերակ է դիտարկվում․ առաջինը՝ ՀՀ նախագահին տալ լիազորություն` «փոքրամասնության կառավարություն ձեւավորելու», լուծարել խորհրդարանը եւ ամենաշատ թվով պատգամավորական խմբին տալ հնարավորություն՝ վարչապետ առաջարկելու: Բնական է, որ չնայած Փաշինյանը չունի ռեյտինգ, բայց ադմինիստրատիվ ռեսուրսի շնորհիվ կարող է լինել առաջատարը։
Երկրորդ տարբերակը՝ կիրառել Երեւանի քաղաքապետի ընտրության մոդելը` վարչապետ է դառնում առավել շատ ձայն ստացած ուժի ներկայացուցիչը, այս դեպքում էլ կունենանք փոքրամասնության կառավարություն:
Փոքրիշատե ոչ իշխանահաճո տարբերակը երրորդն է, որը բացառում է փոքրամասնության կառավարությունը, ըստ այդմ՝ խորհրդարանն իրավունքի ուժով կարձակվի այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ ուժ չի ստանա մեծամասնություն կամ չի կազմի կոալիցիա։
Սա էլ իր վտանգներն է պարունակում` կոլեկտիվ անպատասխանատվության իրավիճակ է ստեղծվելու։ Այդուհանդերձ, եթե անգամ նոր սահմանադրության նախագիծն այս տեսքով ընդունվի, առաջիկա՝ 2026-ի ընտրություններին այս փոփոխությունները չեն վերաբերի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել