Աշխարհի առաջնորդներն արագ արձագանքել են Կատարի մայրաքաղաք Դոհայի վրա Իսրայելի հարվածներին, որոնք թիրախավորել էին ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին, հաղորդում է Reuters-ը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իսրայելի հարվածները, դրանք «Կատարի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում» որակելով:

Նա նշել է, որ Կատարը բավական դրական դեր է խաղում Գազայում հրադադարի հասնելու և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր պատանդների ազատ արձակման ջանքերում։

«Բոլոր կողմերը պետք է աշխատեն մշտական հրադադարի հասնելու, այլ ոչ թե այն ոչնչացնելու ուղղությամբ»,- ըստ ANSA գործակալության՝ լրագրողներին ասել է Գուտերեշը։ Իր հերթին, Հռոմի Լևոն XIV պապը մտահոգություն է հայտնել Կատարի վրա Իսրայելի հարվածների հետևանքների առնչությամբ։

«Այժմ իսկապես լուրջ նորություններ կան. Իսրայելի հարձակումը Կատարում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից ոմանց վրա։ Ամբողջ իրավիճակը շատ լուրջ է»,- ամառային նստավայր Կաստել Գանդոլֆոյի դիմաց հայտարարել է Հռոմի պապը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել