ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են թեքսասցի 22-ամյա զինծառայող Թեյլոր Ադամ Լիին, որը մեղադրվում է օտարերկրյա պետություն գաղտնի ազգային պաշտպանության վերաբերյալ տեղեկություն փոխանցելու փորձի և արտահանման օրենդրությունը խախտելու մեջ, հաղորդել են ԱՄՆ Արդարադատության նախարարությունից։

«Ըստ մեղադրական եզրակացության՝ մեղադրյալը փորձել է Ռուսաստանին ազգային պաշտպանության վերաբերյալ զգայուն տեղեկություն փոխանցել M1A2 Abrams-ի՝ մեր երկրի գլխավոր մարտական տանկի շահագործման վերաբերյալ»,- հայտարարել է ազգային անվտանգության գծով գլխավոր դատախազի օգնական Ջոն Այզենբերգը, հաղորդում է BBC-ն։

Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, որ զինծառայողը, ենթադրաբար, փորձել է գաղտնի տեղեկություններ փոխանցել այն անձին, որին նա համարում էր ռուսական հետախուզության աշխատակից՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու դիմաց։

Ըստ դատական փաստաթղթերի՝ Լին ուներ բարձր աստիճանի գաղտնիության տեղեկությունների հասանելիություն և 2025 թվականի մայիսից փորձում էր կապ հաստատել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ։

Հունիսին նա, ենթադրաբար, համացանցով Abrams տանկի մասին տեխնիկական տեղեկություն է փոխանցել, իսկ հուլիսին անձամբ հանդիպել է «ոմն անձի հետ, որին նա համարում էր Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչ» և նրան է հանձնել այդ տեղեկությունը պարունակող SD քարտ։

Հուլիսի 31-ին Լին տանկի բաղադրիչներից մեկը թողել է Թեքսասի Էլ Պասո քաղաքի պահեստում, ապա հաղորդագրություն է ուղարկել կոնտակտային անձին. «Առաքելությունը կատարված է»,- հայտնել է Արդարադատության նախարարությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել