Tert.am-ը գրում է․
Ռուսաստանն իսկապես կորցնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում, և սա աստիճանական գործընթաց է։ Այս մասին Meduza-ի հետ զրույցում ասել է բրիտանացի լրագրող և Հարավային Կովկասի հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը՝ բացատրելով՝ ինչպես է փոխվել Ռուսաստանի դերը տարածաշրջանում վերջին տարիներին։
«Տարածաշրջանի երկրներն անկախություն են ձեռք բերել 35 տարի առաջ, և այս ընթացքում Ռուսաստանի նրանց ընկալումը որպես «մերձավոր արտասահման», որը դեռևս գտնվում է ազդեցության ոլորտում, մեծապես շեղվել է իրականությունից։ Այս երկրներում մեծացել է մի ամբողջ սերունդ, որն անկախ է Ռուսաստանից, ռուսերեն չի խոսում։ Երկրները կապեր են ձեռք բերել ամբողջ աշխարհում։ Ադրբեջանի ամենամոտ դաշնակիցը Թուրքիան է, Վրաստանը մինչև վերջերս ամուր եվրոպական կապեր ուներ, Հայաստանը՝ Ֆրանսիայի հետ դաշինք։ Այժմ Ռուսաստանը դարձել է բազմաթիվ խաղացողներից միայն մեկը։
Ռուսաստանը դեռևս բազմաթիվ տնտեսական լծակներ ունի Հարավային Կովկասում, սակայն դրանց օգտագործումը երկրների վրա ճնշում գործադրելու համար միայն կթուլացնի նրա ազդեցությունը տարածաշրջանում: Օրինակ՝ Ռուսաստանը կարող է ազդել Հայաստանի վրա՝ գազը կտրելով, բայց դրանով չի շահի հայ ժողովրդի սերն ու աջակցությունը:
Ինձ թվում է, որ հիմնական կետը, որից հետո Ռուսաստանը սկսեց արագորեն կորցնել իր ազդեցությունը տարածաշրջանում, 2022 թվականին Ուկրաինայի ներխուժումն էր, որը շատ ռեսուրսներ կլանեց։ Այն ազդեց Հարավային Կովկասում Ռուսաստանի նկատմամբ հարգանքի կորստի վրա։
Մեկ այլ կարևոր գործոն է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Ռուսաստանը միշտ կարողացել է մանիպուլյացիաներ անել Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելիս։ Հիմա Լեռնային Ղարաբաղը կորսված է, և սա մեծ ողբերգություն է նրա ժողովրդի համար։ Սակայն այս իրադարձության արդյունքներից մեկն այն է, որ երկու երկրներն էլ հնարավորություն են ստացել կառուցելու իրենց սեփական ռազմավարական ինքնավարությունը», - ասել է նա։
Դե Վաալի խոսքով՝ վերջին ժամանակների ամենակարևոր իրադարձությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպումն էր։ Նրանք հանդիպել են սեփական նախաձեռնությամբ, դա միջազգային գագաթնաժողովի մաս չէր կազմում, այլ երկկողմ հանդիպում՝ առանց միջնորդների։
«ԱՄԷ-ն հյուրընկալել էր հանդիպումը, բայց չէր մասնակցել դրան: Սա շատ դրական և առողջ նշան է, որ երկու երկրները պատրաստ են միմյանց հետ խոսել առանց «մեծ եղբոր»՝ ինքնուրույն որոշելով հակամարտության կարգավորման օրակարգը: Ռուսաստանը լիովին կտրված է այս գործընթացից։ Ավելի կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են քննարկել տրանսպորտային և կապող երթուղիներն առանց Ռուսաստանի մասնակցության։ Սա շատ տարբեր է 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագրից, որի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայությանն էր տրվում տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը, կամ 2021 թվականի եռակողմ հանձնաժողովի աշխատանքից, որը նույնպես ստեղծվել էր տրանսպորտի և կապի հարցերը քննարկելու համար։ Այժմ երկու կողմերն էլ չեն ցանկանում, որ ռուսական ծառայությունները լինեն իրենց տարածքում», - ընդգծել է Թոմաս դե Վաալը։
Խոսելով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի մասին՝ փորձագետը կարծիք է հայտնել, որ ամերիկացիները կակտիվացնեն իրենց ջանքերը, բայց նրանք չպետք է պատրանք ունենան, որ միայն իրենք են դա անում։
«ԱՄՆ-ն խաղացողներից միայն մեկն է, ներգարվված են նաև Եվրամիությունը և Թուրքիան։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանում չկա որևէ արտաքին խաղացող, որը կդառնա նոր «մեծ եղբայրը»։ Եվ ես կարծում եմ, որ սա առողջ իրավիճակ է», - հավելել է դե Վաալը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



