Նախորդ տարի հայտարարված գործակցությունը Fastex-ի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի միջև հիմք է հանդիսացել ոչ միայն այս, այլև առաջիկա չորս տարվա ընթացքում պարբերական բնույթ կրող միջոցառումների համար։ Համատեղ ջանքերով կողմերը նպատակ ունեն խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը, բարձրացնել մարզիկների մրցունակությունը, բարելավել վերջիններիս կենսական պայմանները, ինչպես նաև խթանել ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակները։
Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդի անդամ Կարեն Գիլոյանը բարձր է գնահատել Fastex-ի իրականացրած նախաձեռնությունը․ «Շնորհակալություն եմ հայտնում մեր մարզիկներին Հայաստանի Հանրապետության պատիվը հերթական անգամ բարձր պահելու համար։ Եվրոպայի առաջնություններում 37 մարզիկների պատվին վեր է խոյացել մեր եռագույնը, որոնցից 11-ն ուղեկցվել են մեր օրհներգով։ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը և Fastex-ն այսօր ևս մեկ անգամ պարգևատրել են մեր մարզիկներին, մարզիչներին, ֆեդերացիաներին և բժիշկներին։ Fastex-ի նախաձեռնությունը համարժեք է պետական չափանիշներով, պետության կողմից տրված պարգևներին։ Հուսով եմ, որ այսօրվա պարգևատրումները լրացուցիչ խթան կհանդիսանան մեր մարզիկների համար՝ նոր հաջողություններ և հաղթանակներ գրանցելու ճանապարհին», - ասել է նա։
Fastex-ը շարունակելու է խթանել Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացումը՝ աջակցելով ներպետական ու միջազգային սպորտի ասպարեզում գրանցվող հաղթանակներին։



