Tert.am-ը գրում է․
Հայաստանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրացումը կարող է պատահական չլինել, այն կարող է լինել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վարձակալության մասին հայտարարությունների տրամաբանության մեջ։
Այս մասին ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է RTVI-ին տված հարցազրույցում, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Բարաքը, խոսելով «32 կիլոմետր ճանապարհի պատճառով» Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր է համարել սցենարը, որի դեպքում ԱՄՆ-ն կարող է երկարաժամկետ վարձակալության պայմաններով իր վերահսկողության տակ վերցնել ճանապարհահատվածը: Ընդ որում, նա որևէ վերապահում չի արել այն մասին, որ խոսքը Սյունիքի մարզի՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի մասին է:
Հայտարարությանն ավելի վաղ արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: Նա հայտարարել էր, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքի հնչեցրած տարբերակը հայկական տարածքի մի հատվածը երրորդ կողմի կառավարմանը փոխանցելու մասին անընդունելի է և իրավաբանորեն անհնար:
Զատուլինի խոսքով՝ դեսպանի խոսքերը կարող են ոչ թե բլեֆ լինել, այլ իրական ծրագիր։
«Կարծում եմ՝ դա միանգամայն իրական հեռանկար է։ Եվ նույնիսկ կարծում եմ, որ բոլոր վերջին սրացումները ռուս-հայկական և դեռ ռուս-ադրբեջանական հարաբերություններում կապված են հենց նրա հետ, որ Ադրբեջանի, Հայաստանի կողմից արհեստականորեն լարվածությունն ավելացել է, որպեսզի Մոսկվային չհարցնեն Զանգեզուրի միջանցքի մասին»,-ասաց խորհրդարանականը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



