Փողոցում հարցում էի անում, մարդկանց մեծ մասը հրաժարվում էր կարծիք հայտնել: Պարզ է, որ հրաժարման համար շատ տարբեր պատճառներ կարող են լինել, և դա ընդունելի է: Բայց հրաժարվողների գերակշիռ մասն ուղղակի վախենում էր: Մարդիկ վախենում էին մի բան նենց չասեին, դա եթեր գնար ու իրենց ասածի համար հետո խնդիր ունենային:
Նաև համացանցում հաճախ հանդիպում եմ երևույթի, երբ իրար հերթ չտալով գովաբանում են, տարբեր տիտղոսներ են շնորհում, հերոսացնում, քաղաքական մտքի գիգանտ սարքում մարդկանց, որոնք ոչ թե իմ կարծիքով, այլ քրեական օրենսգրքում նկարագրված, Աստվածաշնչում նշված տականք հանցագործ են` մեծ մասն էլ նաև անգրագետ և անաբարոյական: Երբ ակտիվիստների վրա էին հարձակվել, հիվանդանոցում մի կասկածելի երիտասարդի նկատեցինք և, երբ ընկերներիցս մեկը հիվանդանոցի անվտանգության տղաներից հետաքրքրվեց, թե ով է այդ տղան, աշխատակիցը պատասխանեց` - Ինքը ուրիշ մարդու շոֆեր ա: Ես միջամտեցի ասելով, որ մարդիկ մի տեսակի են լինում, ինչը նրա մոտ անկեղծ զարմանք ու զայրույթ առաջացրեց և նա պնդեց , որ տղան իրոք ուրիշ մարդու շոֆեր է: 
Ինչու եմ այս ամենը պատմում, երևի ուղղակի կիսվում եմ ձեր հետ, թե որքան դժվար է ինձ համար: Դժվար է հավատալ, որ մեր երկրում ընդհանրապես բան կփոխվի: Դժվար է հավատալ, որ կդադարեն ստրկամիտ ամբոխ լինել: Դժվար է, քանզի գիտակցում եմ , որ մի օր էլ, ամենայն հավանականությամբ, ինձ են խարույկի վրա այրելու` "ուրիշ" մարդ լինելու համար. . .

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել