ArmLur.am-ը այսօր գրել էր, որ մանկական երկաթուղու տարածքում օրերս կորած աղջկան դեռ չեն գտել:

Ապրիլի 27-ին, ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկն ընկել է Հրազդան գետը։

Երեխան՝ Մայա Բորյատինսկայան, Ուկրաինայի քաղաքացի է, նրա հայրը նույնպես տեղում մասնակցել է որոնողական աշխատանքներին։ Երեխայի կորելու մասին համացանցում տարածել էր օգտատեր Գոհար Մարտիրոսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում լուսանկար հրապարակելով։

ArmLur.am-ին Քննչական կոմիտեից հայտնեցին․ «Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթը ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։ Հոդվածը ենթադրում է. Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ»:

Ավելի վաղ ArmLur.am-ին ՆԳՆ-ից փոխանցել էին, որ անչափահասի գտնելուն ուղղված որոնողափրկարարական աշխատանքները ինտենսիվ կերպով շարունակվում են։

ArmLur.am-ը կապ էր հաստատել նաև Մայա Բորյատինսկայայի մայրիկի հետ, սակայն վերջինս հուզված էր և չմեկնաբանեց որևէ կերպ, խնդրեց պարզապես հնարավորինս իրազեկել քաղաքացիներին։

Հարկ է նշել, որ արդեն 6 օր է, աղջիկը որոնվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել