Ի՞նչ է ուզում միջին վիճակագրական հայը: Եվ այդ ցանկությունների հետ ի՞նչ առնչություն ունեն իշխանությունները: Պետության ամենամեծ հարստությունը քաղաքացին է: Նրա կենսատարածքի, անվտանգության, ազատության, ինքնադրսևորման, բարեկեցության խնդիրները իշխանության առաջնային խնդիրներն են: Սակայն իրականում մարդու համար ամենաառաջնայինն ու կենսականը բարեկացության խնդիրն է: Նա պարզապես ուզում է լավ ապրել, ինչպես նաև ուզում է, որ լավ ապրեն հարևանները, ընկերները, մտերիմները, ազգականները, համաքաղաքացիները:

Իսկ ի՞նչ է պետք բարեկեցության համար: Միջին վիճակագրական հայը «լավ ապրել» ասելով հասկանում է բավարար և կայուն ֆինանսական եկամուտների առկայություն, որպեսզի կարողանա բավարարել իր և իր ընտանիքի սննդի, հագուստի և հաղորդակցման պահանջները: Զուգահեռ կա նաև ինքնադրսևորման խնդիրը: Այն պահանջում է ասպարեզ և հնարավորություններ, որպեսզի մարդը կարողանա դրսևորել իրեն, ցույց տալ իր ընդունակությունները, արտահայտել իր մտքերը, կարծիքները, այսինքն՝ լիարժեք ներկայացնել և իրացնել իրեն: Այս երկու մղումները խաչվում են: Երբ մարդուն ինքնադրսևորվելու ասպարեզ և հնարավորություն է տրվում, ապա նա կարողանում է լիարժեք ներկայացնել իրեն և ստանալ համարժեք վերաբերմունք-գնահատական, ինչն էլ հիմնավորում է նրա՝ որպես մասնագետի, գործընկերոջ պահանջարկը: Այդպիսով լուծվում է ֆինանսական եկամուտների հարցն, ու բավարավում են նրա կենսական պահանջները: Դրանից հետո ի հայտ են գալիս երազանքները կապված երեխաների հետ: Նրանց դաստիարակության գերխնդիրն առաքինի մարդու ձևավորումն է: Այդ պատճառով երեխայի կրթության ու դաստիարակության համար միջոցներ չեն խնայվում:

Այնուհետև ծնվում են հասարակական երազանքները: Մարդն ուզում է, որ փողոցներն ու հրապարակները մաքուր լինեն, կարգուկանոն լինի, մշակութային ու մարզական հետաքրքիր միջոցառումների մասնակիցը լինի և այլն: Ուզում է իրեն զգալ հանրության մի մասնիկը և իր եռանդի ավելցուկը ուղղել հասարակական խնդիրներին, ծառատունկ, շաբաթօրյակ, մի խոսքով՝ բարի գործ անել: Բարի գործ անելով մարդը մնում է առաքինության մեջ: Այն լավ ուղեկից է քաղաքական գործունեության մեջ, որտեղ առաքինությունը մարդու, հայրենիքի և օրենքների նկատմամբ սերն է, պետության ամրապնդման, հավասարության և բարեկեցության մասին հոգալը: Առաքինության նախապայմանը հասարակական բարօրության բարձր մակարդակն է: Այսպիսով, անձնական, հասարակական թե քաղաքական տեսանկյունից բարեկեցության խնդիրն առաջնայինն է: Այն լուծելուն պետք է ուղղել մարդկային ամբողջ ներուժը, որպեսզի բավարարվեն միջին վիճակագրական հայի ցանկությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել