News.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բարձր տոնայնությամբ վիճել են Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։
Ըստ Reuters-ի՝ Թրամփը Զելենսկիին մեղադրել է անհարգալից մեկնաբանությունների մեջ և նրան երախտապարտ լինելու կոչ է արել։
«Դուք կամ գործարք եք կնքում, կամ մենք դուրս ենք գալիս դրանից: Հաղթաթուղթ չունեք, կադրերի պակաս ունեք, հետո մեզ ասում եք՝ «Զինադադարի պայմանագիր չեմ ուզում։ Դուք պետք է շնորհակալ լինեք:
Առանց մեզ, դուք ձեր ձեռքին խաղաքարտեր չունեք այս խաղը խաղալու համար»,-ըստ «Ամերիկայի ձայն»-ի՝ նշել է Թրամփը։
«Եկեք և ձեր աչքով տեսեք (կա՞ն հաղթաթղթեր- խմբ.)»,- պատասխանել է Զելենսկին։ Նա հավելել է նաև՝ «Ես չեմ եկել այստեղ թղթախաղ խաղալու»։
Ուկրաինայի նախագահը Պուտինին «մարդասպան» է անվանել և Թրամփին ասել է, որ «մարդասպանի հետ ոչ մի փոխզիջում չպետք է լինի»:
ԱՄՆ նախագահը նշել է, որ մի քանի օր առաջ խոսել է Վլադիմիր Պուտինի հետ, և որ ՌԴ նախագահը ցանկանում է գործարք կնքել։
Ուկրաինայի նախագահը վիճել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ, որը սկսել է խոսել դիվանագիտության կարևորության մասին։
«Ես արդեն պայմանագիր եմ ստորագրել Պուտինի հետ՝ Մակրոնի և Մերկելի ներկայությամբ։ Ի՞նչ դիվանագիտության մասին է խոսքը», - ըստ BBC-ի՝ պատասխանել է Զելենսկին: