Նիկոլ Փաշինյանն ուզում է Հայաստանի անկախությունը պաշտպանի Ռուսաստանից, բայց այդ անկախությունը հանգիստ նվիրի Թուրքիային ու Ադրբեջանին. Սա է իր քաղաքականության ամբողջ իմաստը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով, Փաշինյանը խախտել է բալանսը. «Մենք սովոր ենք, որ ԱԺ-ում, ներքին քաղաքականության մեջ ինքն իրեն պահում է քուչի գյադու հոգեբանությամբ, բայց որ դա տարածել է արդեն արտաքին քաղաքականության վրա, սրա մասին արդեն բացահայտ խոսում են: Ես համաձայն եմ, որ Բելառուսի գործողություններին ադեկվատ պատասխան էր պետք տալ, բայց դրա համար կա դիվանագիտական լեզու: Ձեւեր կան խոսելու, ոչ թե անցնել գյադայական ձեւակերպումների, ինչ-որ դեմարժների, որոնք գյադայական բնույթ ունեն, ոչ թե լուրջ պետության դեմարշի բնույթ են կրում: Սա իր հոգեբանությունն է:
Երբ ասում եմ՝ քուչի գյադա, դա ի՞նչ է նշանակում: Դա հետեւյալն է. կան լակոտներ, որ իրենց փիղ են զգում, երբ համարում են, որ տղերքը կանգնած են իրենց կողքը, գնանք խփենք, բայց երբ մի 2 չափալախ ուտում են, դրանից հետո կուռկուռի ձագ են դառնում եւ գնում են չափալախ տվողի ձեռքը կամ մարմնի որեւէ այլ մասը պաչում են: Դա հենց այն է, ինչ անում է Փաշինյանը:
Նա իր պահվածքով ցույց է տալիս, որ պատրաստ է նոր տերերին ծառայել, իսկ հին տերերի վրա ամենավերջին գյադայական արտահայտություններով գոռգոռալ, հայհոյել: Սա կարելի՞ է քաղաքականություն անվանել»,-ասաց Լեւոն Զուրաբյանը: