Ամեն ինչ պետք է տեղի ունենա իրավական դաշտում, օրենքի շրջանակներում։ Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` անդրադառնալով նախօրեին Բաղրամյան պողոտայում ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած բախումներին։

Նրա խոսքով՝ իրավապահները ստիպված են եղել ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ։

«Մենք շատ անգամներ զգուշացրել ենք այն մարդկանց, որոնք կազմակերպել են միտինգները` զե՛րծ մնացեք ավելորդ լարվածությունից, առավել ևս, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցություն մի՛ արեք, բայց, ցավոք սրտի, իրենց պահվածքն այլ էր, և ուժային կառույցները ստիպված էին անել այն գործողությունը, որը պարտավոր էին անել»,–ասաց Խաչատուրյանը։

ՀՀ նախագահը վստահեցրեց, որ իշխանությունը, օրենսդիր և գործադիր մարմիններն իրականում հակված չեն որևէ քաղաքացու ուժով կարգի հրավիրելու։

«Իմ խնդրանքն է բոլորին, որպեսզի իրենք մեզ և ոստիկանությանն այդպիսի իրավիճակի առաջ չդնեն։ Մենք, որպես ժողովրդավարական երկիր, իրականում ուզում ենք` ամեն ինչ տեղի ունենա օրենքի շրջանակում։ Ցավոք սրտի, այսօրվա միտինգի կազմակերպիչները լրիվ այլ տրամաբանության մեջ են աշխատում։ Իրենց չի բավարարում, որ երկրում վիճակը խաղաղ է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել