2024 թվականի մայիսի 30-31-ին Երևանում, Մերիդիան էքսպո կենտրոնում անցկացվեց ռուսական՝ MAC (MAC Affiliate Conference in Armenia) անունը կրող համաժողովը։ 
Կոնֆերանսին մասնակցում էին ռուսական և հայկական 100 ընկերությունների 2500 մասնակիցներ և 30 ռուս բանախոսներ, ովքեր ներկայացնում էին վարպետության դասեր այն մասին, թե ինչպես գումար վաստակել առցանց տիրույթում։ 

Սա ոլորտային միջազգային կոնֆերանս է, որը կարող է բավականին օգտակար լինել, հատկապես, եթե ուզում ենք ունենալ հասարակություն ու մասնագետներ, ովքեր ճիշտ են պատկերացնում խաղային ոլորտը, որպես ժամանցի տեսակ: 
Բայց ողջ խնդիրը այն է, որ դրա ընթացքում ՀՀ տարածքում գովազդվել են Հայաստանում լիցենզիա չունեցող խաղային օպերատորներ, դրանք ոչ միայն տաղավարներ են ունեցել էքսպո կենտրոնում, այլ նաև եղել են միջոցառման հովանավոր, ունեցել են տարատեսակ գովազդային բաներներ, գովազդվել են նաև թվային հարթակներում:  

Էքսպոյի հատվածում ներկայացված ընկերությունները տրամադրում են մի քանի տեսակի ծառայություններ՝ հաճախորդների համար և բիզնեսի համար: Ու չնայած, որ Մերիդիանի տարածքում այս ընկերությունները ներկայացել էին բիզնես հարթակի համար նախատեսված իրենց ծառայություններով՝ միևնույնն է, դրանց անվանումն ու բրենդավորումը հստակ հիշեցնում ու գովազդում էին նաև հաճախորդների համար նախատեսված խաղային կայքերը: Դրա վառ ապացույցները մեր կողմից ներկայացված լուսանկարներում ու տեսանյութում են:  

 

Ըստ ՀՀ օրենսդրության՝ արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում։ 
Մերիդիանը դրանցից և ոչ մեկը չէ: Բացի այդ, հիմա պետությունը էլ ավելի խիստ է մոտենում չլիցենզավորված օպերատորների ներկայությանը ՀՀ տարածքում: Այս միջոցառումը նշված բոլոր կետերի խախտում էր:  

 
Օրենքի խախտումից զատ նախադեպը վտանգավոր է նաև նրանով, որ այս խաղային օպերատորները լիցենզավորված չեն մեր երկրում, հետևաբար պետությանը ոչ հարկ են վճարում, ոչ էլ լիցենզիայի գումար: Բացի այդ սա նշանակում է, որ նրանց վրա չկա վերահսկում, այսինքն օգտատերը ապահովագրված չէ, օրինակ, խարդախություններից, և նման կայքեր գովազդելը նշանակում է անորակ ծառայություններ հրամցնել մարդկանց:  

Միանշանակ է, որ նման իրավիճակներ պետք է չկրկնվեն ու օրենքի չիմացությունը կազմակերպիչների համար արդարացում լինել չի կարող: Իսկ պատասխանատու մարմինները պետք է էլ ավելի ուշադիր լինեն օրենքի պահպանմանը բոլորի կողմից և չկենտրոնանան միայն Հայաստանում լիցենզավորված խաղային օպերատորների վրա, քանի որ օրենքից դուրս գործող ընկերությունների վերահսկումը շատ ավելի բարդ գործ է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել