Սրբազանի առաջնորդությունն առնվազն այս փուլում համարում ենք համախմբմանն ուղղված միակ հնարավորությունը, որովհետև վարչապետի այլ թեկնածուի քննարկումն ակնհայտ քաղաքական խիստ տարաձայնությունների է բերելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը` պատսխանելով հարցին՝ ում են տեսնում որպես վարչապետի թեկնածու։

Նրա խոսքով` հատկանշանական է՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությունը կարողացավ քաղաքական ուժերի տարբեր հակասությունները դնել մի կողմ։

«Իր ազդեցության ուժն ավելին է, քան այդ հակազդեցությունները, ընդ որում, ոչ միայն քաղաքական դաշտում, որովհետև քաղաքական դաշտում առկա հակասությունները տեղափոխվում են նաև հանրության մեջ․ կենցաղային մակարդակում կամ ընտանիքներում մարդիկ ունեն լուրջ քաղաքական հակասություններ և Սրբազանի առաջնորդությունն առնվազն մեզ համար նկատելի է, որ նա այդ տարաձայնությունները դրել է մի կողմ։ Սա շատ կարևոր ենք համարում և հուսով ենք, որ այդ տարաձայնությունները կլինեն բացառապես քաղաքական դաշտում։

Այս պայքարը Սրբազանի առաջնորդությամբ առնվազն մինչև այս պահը դրական եմ գնահատում և այն մթնոլորտը, որն ամեն օր ձևավորվում է, մեծ է հավանականությունը, որ առաջիկայում հաջողություն կարձանագրի»,- ասաց նա։

Առաքելյանը նշեց, որ իրենք առաջին օրվանից էլ արձանագրել են, որ Բագրատ Սրբազանի առաջնորդությունը պետք է ոչ միայն ընկալվի որպես հանրահավաքի կամ որոշակի փողոցային քաղաքական պրոցեսի առաջնորդություն, այլև հենց քաղաքական առաջնորդություն։

«Սրբազանի առաջնորդությունն առնվազն այս փուլում համարում ենք համախմբմանն ուղղված միակ հնարավորությունը, որովհետև վարչապետի այլ թեկնածուի քննարկումը ակնհայտ քաղաքական խիստ տարաձայնությունների է բերելու և փլուզվելու է այս համակարգը։ Դրանից հետո, իհարկե, հնարավոր ընտրությունների միջոցով յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է դրսևորելու իրեն և ունենալու իր մասնաբաժինը քաղաքական դաշտում»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել