Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներ Դավիթ Օջակյանի և Ջոն Կեվրանյանի հետ:
Ողջունելով Օջակյանին նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել կազմակերպության տասնամյակների հայրենանվեր գործունեությունը, որի նպատակակետը մշտապես եղել է Հայաստանի զարգացումն ու հզորացումը, չկրելով քաղաքական կամ բևեռացված ուղղվածություն: Նախագահն իր խոսքում շեշտել է, որ թեև համագումարի գործունեությունը ոչ միշտ է գովազդվել և հանրայնացվել, սակայն այն մեծ դեր է ունեցել Հայաստանի զարգացման օրակարգում և դրանով իսկ առավել բարձր գնահատանքի է արժանի:
Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է համագումարի կողմից իրականացվող նախաձեռնությունների հնարավորինս հավասարաչափ բաշխման և ոլորտային բազմազանության կարևորությունը, ինչի արդյունքում այդօրինակ ծրագրերն ընդգրկել են կրթության, գիտության, երիտասարդության զարգացման, սոցիալական, հետերկրաշարժյան վերակառուցման և բազմաթիվ այլ բնագավառներ:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են հայաստանյան իրողությունների վերաբերյալ սփյուռքահայ կազմակերպություններին օբյեկտիվ և համապարփակ տեղեկատվության տրամադրման կարևորությանը: Այս համատեքստում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել Հայաստանի և տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև Տավուշում իրականացվող սահմանազատման աշխատանքների վերաբերյալ, որոնց գերխնդիրը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատումն է: Իր խոսքում նախագահն անդրադարձել է նաև Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներին և շեշտել, որն այն փոխշահավետ նախագիծ է տարածաշրջանի բոլոր երկրների համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել