Shamshyan․com-ը գրում է․

Երեկ՝ ապրիլի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Գագիկ Վ-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղու վրա գտնվող կամրջի հատվածում բախվել է ճամփեզրին կայանված Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սուրիկ Թովմասյանին պատկանող «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին:

Ինչպես հայտնում է Shamshyan․com-ը, բախման հետևանքով 2 ավտոմեքենան հայտնվել են Ազատ գետի մեջ: «BMW»-ն կողաշրջվել է:

«BMW»-ի վարորդ Գագիկ Վ.-ն և ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Հայկ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արտաշատի բաժին, որ վիրավորներից Հայկ Հ.-ն գիտակցության չգալով մահացել է:

Հիվանդանոց տեղափոխվածները սովորում են Արտաշատի 1-ին դպրոցի 9-րդ դասարանում և նշել են «BMW»-ի վարորդի ծննդյան օրը, իսկ հիվանդանոցում Արտաշատի ոստիկաններն ու պարեկները, ըստ դեպքի վայրում հավաքվածների, կանխել են հաշվեհարդարը, քանի որ մահացած երեխայի բարեկամները փորձել են հաշվեհարդար տեսնել «BMW»-ի վարորդի հարազատների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել