Իրանի պատասխանն Իսրայելին լինելու է
Տարածաշրջանում իրավիճակը գերլարված է։ Ակնկալվում է Իրանի լեգիտիմ ռազմական պատասխանն Իսրայելին՝ ընդդեմ ապրիլի սկզբին Սիրիայում ԻԻՀ հյուպատոսության թիրախավորման։ Մինչ բուն ռազմագործողությունը, Իրանը միջազգային ասպարեզում, տարբեր մակարդակներում բանակցությունների ձևաչափերում ձգտում էր հասնել սեփական գործողության առավելագույն լեգիտիմության ապահովման՝ զուգահեռաբար նաև բոլոր առանցքային դերակատարներին հասցնելով անհրաժեշտ ուղերձները։
Ըստ այդմ՝
1. Իրանը ձգտում է սահմանափակ թիրախային գործողության՝ ամեն կերպ խուսափելով լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշվելուց։ Մինչդեռ նրա հակառակորդներն առնվազն վերջին 2 տարիներին հենց դրան են ձգտում։
2. Նույնանման պատասխանի հնարավորությունը, այսինքն՝ որևէ այլ երկրում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների թիրախավորումը հղի է նաև տվյալ երկրի հակազդեցության հնարավորությամբ, որից ևս Թեհրանն առավելագույնս խուսափում է։
3. Իսրայելի դեմ պրոքսի պատասխանը հատկապես Սիրիայի տարածքից լավագույն լուծումը կարող էր լիներ ստեղծված իրավիճակում, մինչդեռ անցած ամիսներին Իսրայելը, առանց չափազանցության, գլխատել է իրանական ռազմական հիմնական ներուժն այդ երկրում՝ ապրիլյան հարձակման ընթացքում նաև վնասազերծելով դրա պատասխանատու ԻՀՊԿ բարձրաստիճան զինվորականներին։
4. Իսրայելին ուղիղ թիրախավորման դեպքում զարգացումներին կարող է միջամտել նաև ԱՄՆ-ն՝ ոչ միայն ՀՕՊ միջոցներով, այլև պատասխան հարված հասցնելով Իրանի տարածքում։
5. Զարգացումների նման սցենարի դեպքում պատերազմի կրակը կարող է տարածվել նաև ամբողջ տարածաշրջանում...
Իսկ մինչ այժմ՝ հատկապես երեկոյան ժամերին, Իրանը և հակաիսրայելական տարբեր շրջանակներ հոգեբանական հարթությունում պարզապես ահաբեկում են իսրայելական հասարակությանը՝ ամեն րոպե իրանական հուժկու ռազմական հարձակման ակնկալիքներով...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել