Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, թե իբր Հայ Առաքելական Եկեղեցին՝ Կաթողիկոսի գլխավորությամբ «ռևանշիզմ է քարոզում» (չակերտները՝ Tert.am) ողջ աշխարհում:

«Նրանք չեն կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ Ադրբեջանը «ազատագրել» է «իր» (չակերտները՝ Tert.am) հողերը։ Նրանք համաձայն չեն, որ Ղարաբաղը «ադրբեջանական» (չակերտները՝ Tert.am) հող է», - ասել է Փաշազադեն։

Նա հավելել է, որ Հայաստանի ահազանգերն այն մասին, որ Ադրբեջանն օկուպացված Արցախի տարածքում քանդում և ավերում է եկեղեցիները, «սուտ է և զրպարտություն» (չակերտները՝ Tert.am):

Նախօրեին Մայր Աթոռը հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները պատրաստվում են Տավուշի մարզից տարածքներ հանձնել, ուստի Եկեղեցին կոչ է անում հրաժարվել պարտվողական գործելաոճից:

Վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին,  պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից  տարածքներ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը։

Այս մասին նշված է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հայտարարության մեջ.

«Պարտվողական այս մոտեցմամբ, տարածքային ցավալի հերթական զիջումներով, ըստ էության, հաչս միջազգային հանրության լեգիտիմացվում են Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը և դատապարտելի հավակնությունները:

Եկեղեցին միարժեքորեն ողջունում է խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ողջամիտ ջանքերն ու գործընթացները: Անվիճարկելի է, որ միակողմանի զիջումներով «խաղաղության դարաշրջան» կերտելու` Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ոչ միայն անիրատեսական է, այլև աղետաբեր: Հայրենի հողի շուրջ սակարկումները և չարդարացված շարունակական զիջումները երբեք անվտանգային միջավայր չեն կարող ապահովել մեր ժողովրդի համար։

Տևական ու ամուր խաղաղություն հնարավոր է կերտել ազգային արժանապատվության և իրավունքների հանդեպ լիարժեք հարգանքի դրսևորման և փոխադարձության սկզբունքի պահպանման պայմաններում:

Կոչ ենք ուղղում ՀՀ իշխանություններին` հրաժարվել պարտվողական գործելաոճից և ծառացած հիմնախնդիրների շուրջ բանակցություններում ընթացք չտալ պարտադրվող այնպիսի լուծումների, որոնք հայրենիքը կկանգնեցնեն անվտանգային նոր մարտահրավերների առջև։

Կոչ ենք ուղղում նաև Հայաստանի և Սփյուռքի ազգային, քաղաքական, հասարակական կազմակերպություններին, հայրենիքի ապագայով մտահոգ ազգի բոլոր զավակներին` այդ թվում և պետական պաշտոնատար անձանց` համախմբվել և համազգային միասնականությամբ պաշտպանել ազգային-պետական մեր շահերը, ողջ ներուժով ներդրում բերել պետականության ամրապնդման ու բարօր, ապահով գալիքի կերտման գործում։

Հավատում ենք, որ մեր ժողովրդի մեջ զորեղ է հայրենանվիրումի և անձնականն ի սեր ազգի զոհաբերելու հանձնառության ոգին, ամուր` ազգային ինքնությունը պահպանելու նախանձախնդրությունը, և մենք Հարուցյալ Փրկչի օգնականությամբ ու համընդհանուր ջանքերով ի զորու ենք հեռացնել արհավիրքն ու չարիքը հայրենական մեր կյանքից։

Սրտաբուխ աղոթքով հայցում ենք Երկնավոր Տիրոջից, որ խաղաղության ու համերաշխության շնորհները հեղի մեր երկրի և ժողովրդի կյանքում և անվտանգ ու անսասան պահի Հայոց անկախ պետականությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել