Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձ է հղել  ավետման տոնի առիթով:
«Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում համայն մեր ժողովրդին, ի մասնավորի բոլոր տիկնանց, օրիորդներին և մայրության բերկրանքին սպասող կանանց՝ Սուրբ Աստվածածնի Ավետման հոգենորոգ տոնի առիթով:

Աստվածամայրը իր առաքինի կերպարով, հեզությամբ ու աստվածսիրությամբ բարի օրինակ է բոլոր մայրերին ու օրիորդներին, ովքեր գովելի ջանքեր ու նվիրում են բերում իրենց ընտանիքների բարօրությանը և մեր ժողովրդի առաջընթաց կյանքին:

Սիրելինե՛ր, փորձություններով ուղեկցվող այս օրերին, երբ ազգային մեր սպասումներում մշտարթուն ակնկալությունը ունենք Տիրոջ օգնականության, Սուրբ Կույսին ուղղված հրեշտակի խաղաղեցնող ավետիսը հնչում է նաև ձեզ համար. «Աստված ձեզ հետ է»: Ձեր սրտերում ամուր պահեք առ Աստված հավատարմությունը, զորացյալ մնացեք հավատի, հույսի ու սիրո մեջ, որպեսզի Աստծուն ապավինած ու միմյանց աջակից՝ կարող լինեք դիմակայել բոլոր մարտահրավերներին և դեպի վերելք առաջնորդեք ձեր կյանքը:

Սիրելի մայրեր և քույրեր, Միածնաէջ Տաճարի Սուրբ Խորանի առջև աղոթում ենք, որ Աստվածամոր բարեխոսությամբ Բարձրյալն Աստված Իր օրհնության և խնամքի ներքո պահի ձեզ և ձեր ընտանյաց անդամներին, որպեսզի ձեր սրտերում տեղ չգտնեն հուսահատությունը, ցավն ու տրտմությունը: Թող Տերը Իր գթառատ սիրով խաղաղ ու բարօր կյանք պարգևի մեր ժողովրդին՝ ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել