168.am-ը գրում է․

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արդեն երրորդ անգամ է կարմիր դրոշի ահազանգ (ամենաբարձր նախազգուշացումը) հայտարարում՝ հաշվի առնելով Ադրբեջանի սրացող հռետորաբանությունն ու պահանջները՝ ուղղված պաշտոնական Երևանին, ինչպես նաև վերջին հարձակումները Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վրա։

«Նախկինում մենք բազմաթիվ կարմիր դրոշի և SOS ահազանգեր ենք տարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից օկուպացված և հայաթափված Արցախի Հանրապետության համար: Այժմ, ինչպես և ենթադրվում էր մեր նախորդ հրապարակումներում, ցեղասպանության վտանգը տարածվել է նաև բուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանը կարծես վարում է Հայաստանի ինքնիշխան տարածքի աստիճանական օկուպացման ռազմավարություն»,- նշում են ինստիտուտի փորձագետները՝ ընդգծելով, որ Բաքուն այժմ ձգտում է վերահսկողություն հաստատել ութ գյուղի նկատմամբ, որոնք, Ադրբեջանի պնդմամբ, գտնվում են «հայկական օկուպացիայի»  տակ։

Հայաստանին սպառնացող վտանգը միջազգային հանրության անհապաղ և համակարգված ուշադրությանն է արժանի։ Հրատապ գործողությունները հրամայական են՝ թույլ չտալու համար տարածքային օկուպացիայի և ցեղասպանության հերթական դեպքը, որը նման է ընդամենը վեց ամիս առաջ Արցախում տեղի ունեցածին»,- նշված է ինստիտուտի տարածած հրապարակման մեջ։

168.amի հետ զրույցում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնալով  Լեմկինի ինստիտուտի նախազգուշական հայտարարությանն ու վերահաս սպառնալիքը կանխելու համար՝ Հայաստանի ու միջազգային հանրության անելիքներին, ասաց՝ Լեմկինի ինստիտուտը լուրջ կենտրոն է, որը զբաղվում է ցեղասպանությունների ուսումնասիրությամբ, և նրանց տարածած հայտարարությանը պետք է շատ ուշադիր մոտենալ։

Կարդացեք նաև

«Այս պահին չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ մեթոդներով են եկել նման եզրակացության, բայց այն պետք է հաշվի առնվի։ Քանի որ Հայաստանը գտնվում է  այնպիսի տարածաշրջանում ու ունի երկու այնպիսի հարևաններ, ինչպիսին Թուրքիան ու Ադրբեջանն են, որ ամեն րոպե կարող են լինել անսպասելի զարգացումներ, որոնք բխում են այդ երկու երկրների էությունից»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Թուրքագետ ակադեմիկոսի կարծիքով՝ մասնագետները Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը պետք է հաշվի առնեն, գնահատեն և աչալուրջ լինեն։

«Հիմա տպավորություն է, որ կարծես թե վտանգ չկա, բայց այդ վտանգն ամեն րոպե կարող է շատ արագ հասունանալ, ու պետք է պատրաստ լինել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն այնպիսի քաղաքականություն է վարում, որի նպատակն է՝ Հայաստանի վրա գործադրել ճնշում։ Եվ նման ճնշում գործադրելով՝ նրանք ամեն րոպե կարող են կիրառել նաև զինված պրովոկացիաների քաղաքականություն։ Այն, որ Ադրբեջանը կարող է նաև լայնածավալ պատերազմ սանձազերծել, սա էլ պետք է հաշվի առնել։ Ներկա պահին Ադրբեջանն այդ ծրագիրը չունի, բայց ամեն դեպքում կարող է և ունենալ ու իրականացնել։ Այստեղ պետք է Թուրքիայի դերը մենք չմոռանանք, որովհետև Ադրբեջանի քաղաքականությունը մեծապես կախված է Թուրքիայից։ Ադրբեջանը ոչ միայն  Թուրքիայից պետք է «դաբրո» ստանա լայնածավալ գործողություններ իրականացնելու համար, այլև համոզված է, որ դա կլինի թուրքական ծրագրի հիման վրա։ Այնպես որ, մեր տարածաշրջանում իրականությունը սա է»,- շեշտեց ակադեմիկոս Ռ. Սաֆրաստյանը։

Ռուբեն Սաֆրաստյանը նաև անդրադարձավ այսօր կեսօրից հետո Բրյուսելում Հայաստան-ԵՄ-Միացյալ Նահանգներ եռակողմ հանդիպմանը՝ ընդգծելով, որ, ինչպես նախապես հայտարարվել էր, հանդիպումը Հայաստանին տնտեսական աջակցություն տրամադրելու շուրջ է լինելու։

«Հայաստանն իսկապես գտնվում է այնպիսի վիճակում, որ տնտեսական օգնությունը կարևոր է։ Մենք այսօր տեսնում ենք Ռուսաստանի վիճակը, նման օգնություն սպասել իմաստ չունի, դրա համար Արևմուտքը եթե դա տա՝ միայն օգուտ կլինի։ Իսկ ինչ է ասում Ալիևը՝ արդեն երկրորդական է, քանի որ նա ամեն ինչ էլ կարող է ասել»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել