Տեղեկություններ են շրջանառվում, որ Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են Հայաստանից հանել Գյումրու 102-րդ ռազմաբազան, անգամ անհավատալի լուրեր կան, որ բանակցում են Թուրքիայի հետ՝ ռազմաբազան Հայաստանից հանելու դիմաց որոշակի զիջումներ կորզելու համար։ Խոսքը մասնավորապես դեպի Ռուսաստան զուգահեռ արտահանումների մասին է, որը կարող է իրականացվել Թուրքիայից դեպի Ռուսաստան։ Հիշեցնենք, որ 2010 թվականին ՌԴ նախագահ Մեդվեդեւի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ստորագրվել է N5 արձանագրությունը՝ 1995 թվականին կնքված հայ-ռուսական պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին, ըստ որի` ռազմաբազան Գյումրիում կմնա մինչեւ 2044 թվականը:

Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից անխուսափելի է, եւ հենց Փաշինյանի օրոք է դուրս բերվելու։ «Բացարձակապես չեմ կասկածում։ Կարծում եմ նաեւ, որ ռազմաբազան դուրս բերելու նախաձեռնողը Հայաստանն է լինելու, դա՝ մեկ։ Երկրորդը․ այս հարցը չի կարող քննարկվել Թուրքիայի հետ, քանի որ դա երկկողմանի հարաբերությունների հարց է»։ Թուրքիայից ինչ-որ զիջումներ ստանալու դիմաց ռազմաբազան հանելու հավանականությունը Կոլերովը որակեց աբսուրդային։ Առաջին հերթին՝ Թուրքիան մասնակցում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։ Երկրորդ․ Թուրքիան չի կարող դրանք հետաձգել։ Երրորդ․ Էրդողանը գնում է Բայդենի հետ հանդիպման հիմա։ Չորրորդ․ այդ հարաբերությունները չեն կարող որեւէ կերպ կապված լինել ռազմաբազայի դուրսբերման հետ։

«Հինգերորդ. ռազմաբազայի առկայության գոյության իմաստն արդեն շատ վաղուց չկա: Բացի այդ, ռազմաբազայի գոյությունը ոչ մի ռազմական իմաստ չունի, որովհետեւ այդ ռազմաբազան, այն պայմաններում, որոնք գոյություն ունեն Հայաստանում, ամբողջությամբ սահմանափակված է իր ակտիվության մեջ ոչ միայն Հայաստանի կենտրոնական իշխանությունների, այլեւ Գյումրու իշխանությունների կողմից։ Վաղուց է հայտնի, որ նույնիսկ գումարտակի զորավարժությունների դեպքում, այսինքն՝ ընդամենը 300 մարդու դեպքում, պետք է Գյումրու քաղաքապետարանի համաձայնությունը ստանան։ Վեցերորդ. տեխնիկան, ենթակառուցվածքը, ապահովումը կամ մատակարարումը, ռեժիմը, որում այսօր գոյություն ունի Գյումրիում ռուսական բազան, շատ վաղուց հնացել են ու չեն թարմացվում։ Գլխավոր խնդիրն այն է՝ ես կարող եմ հնացած տվյալներ ունենալ, 5000-6000 մարդ, ովքեր բազայում աշխատում են, ՀՀ քաղաքացիներ են։ Նրանց համար դա աշխատատեղ է, ռազմաբազայի դուրսբերումը կտրուկ բարձրացնելու է գործազրկությունը Գյումրիում»,- ասաց ռուս քաղաքագետը։

Բայց Կոլերովը վստահ է, որ ոչ մի ազդեցություն, ոչ մի դեր այդ բազան Հայաստանի անվտանգության հարցում չունի, որովհետեւ այն սահմանափակված է իր գործողությունների մեջ` Հայաստանի իշխանության կողմից։ Եվ եթե այն չի գործում ըստ ռազմական ծրագրի, ուրեմն պարզապես զինվորական պահեստ է՝ հնացած եւ շատ դեպքերում՝ արդեն ժանգոտված, չգործող ռազմական տեխնիկայի համար։ «Այդ իսկ պատճառով բազան չի սպառնում եւ չի կարող վտանգ ներկայացնել Թուրքիայի համար, այնպես որ՝ Թուրքիան այդ դժբախտ բազայի համար երբեք ԱՄՆ-ի հետ կոնֆլիկտի չի գնա՝ պատժամիջոցների մասով։ Հայաստանում ռուսական զինված ուժերից գոյություն ունեցող միակ շոշափելի բանը Գյումրու ռազմաբազայի մասնաճյուղն է՝ Էրեբունու օդանավակայանում։ Այնտեղ ժամանակակից տեխնիկա է, սակայն դրանք ինքնաթիռներ են, որոնք չեն կարող օդ բարձրանալ՝ առանց ՀՀ իշխանությունների կողմից պատժամիջոցների տակ ընկնելու։ Դա նույնպես պահեստ է` վերջ, դա առարկա չէ, դա հարց չէ։ Եվ, ի վերջո, Գյումրու ռազմաբազան, «Էրեբունի» մասնաճյուղը ոչ մի կերպ չեն պաշտպանում ՌԴ-ի շահերը։ Ինչո՞ւ․ որովհետեւ 2008 թվականից Ռուսաստանի շահերն Անդրկովկասում պաշտպանվում են ռուսական երկու բազաներով՝ Աբխազիայում եւ Հյուսիսային Օսիայում, իսկ Հյուսիսային Օսիայից Հայաստան թռիչքն ընդամենը տասը րոպե է, վերջ»,- ասաց Կոլերովը։ Այստեղ բանակցելու առարկա չկա, Ռուսաստանի կողմից առանձնահատուկ հետաքրքրությունների մասին խոսք անգամ լինել չի կարող՝ «գնացքը գնացել է»։ «Սահմանապահները կգնան, եւ բազան կգնա»,-ասաց Կոլերովը։

Այսինքն՝ Հայաստանը Ռուսաստանի համար ոչ մի հետաքրքրություն այլեւս չի՞ ներկայացնում: Այո, չի ներկայացնում ու դեռ շատ վաղուց՝ 2008 թվականից սկսած։ Ռուս քաղաքագետը մի հավելում էլ արեց, որ դեռեւս 15 տարի առաջ, եթե ոչ ավելի, իրենք հատուկ թղթակից էին ուղարկել Գյումրի, որպեսզի ռուսական ռազմաբազան նկարեր, ու արդյունքը հետեւյալն էր՝ ծակծկված ցանկապատ, վատ աշխատող տեխնիկա եւ պարզապես проходной двор:

«Բազան պետք է ապրի որպես բազա, իսկ երբ դու պետք է նույնիսկ գումարտակի տեղաշարժը համաձայնեցնես Գյումրու քաղաքապետի հետ, դա նշանակում է երկու բան․ որ Հայաստանում չկա հայկական իշխանություն, այլ կա Գյումրու քաղաքապետի իշխանություն, իսկ երկրորդը՝ որ այդ բազան բազա չի հանդիսանում, դա ժանգոտված տեխնիկայի պահեստ է, որի գործողությունները սահմանափակված են արդեն ոչ թե Փաշինյանի, այլ հենց Գյումրու քաղաքապետի կողմից։ Ի՞նչ եք կարծում, Գյումրու 102-րդ ռազմաբազան ի վիճակի կլինի՞ պաշտպանել Հայաստանը»,- հռետորական հարցով եզրափակեց Կոլերովը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել