Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստը: 
Օրակարգի առաջին հարցով անդրադարձ է կատարվել կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Մասնավորապես, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ու գիտության հիմնական բարեփոխումները և «Ակադեմիական քաղաք»-ի ստեղծման ծրագիրը:
Ժաննա Անդրեասյանը խոսել է նախադպրոցական կրթության որակի բարձրացման, 3-5 տարեկան երեխաների նախադպրոցական հաստատություններ ներգրավվածությանը` ավելացնելով, որ 2019 թվականին մանկապարտեզներ են հաճախել վերը նշված տարիքի երեխաների 64 տոկոսը, իսկ 2023-ին` 71 տոկոսը: Նախարարի խոսքով` աճը պայմանավորված է իրականացված բարեփոխումներով, նախադպրոցական հաստատությունների կարողությունների զարգացմամբ, ինչպես նաև կառավարության 500 մանկապարտեզների կառուցման կամ հիմնանորոգման ծրագրով:
Հաջորդիվ նախարարն անդրադարձել է հանրակրթության նոր չափորոշչի ազդեցությանը կրթության որակի վրա, հանրակրթության կառավարմանը, ֆինանսավորման համակարգին, կրթական ենթակառուցվածքների զարգացմանը, ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, վարձատրության քաղաքականությանը, ինչպես նաև բարձրագույն կրթության որակի բարեփոխումներին: Ներկայացվել են նաև «Ակադեմիական քաղաք»-ի հիմնական սկզբունքները, քաղաքի ենթակառուցվածքներին, գիտության ոլորտի զարգացման ծրագրերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել