ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել: Միաժամանակ Ստանոն ներկայցրել է կարգը, թե ինչպես է որևիցե պետություն դառնում ԵՄ անդամ: Ըստ այդմ՝ հայտը դիտարկվում է ԵՄ անդամ պետությունների կողմից, այնուհետև նրանք համապատասխան որոշում են ընդունում ԵՄ պայմանագրերի և սահմանված չափանիշների հիման վրա:

Ստանոյի հայտարարությունը, փաստորեն, հաջորդում է Եվրախորհրդարանի կողմից օրերս ընդունված բանաձևին, որով առաջարկվում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամության թեկնածություն տրամադրելու հնարավորությունը:

Ստանոյի հայտարարություներից բխում է, որ Արևմուտքը հարցը չի պատրաստվում քնեցնել. Հայաստանը արևմտյան աշխարհաքաղաքական բևեռի հովանու ներքո ներառելը կարևոր է՝ հաշվի առնելով «Միջին միջանցք» կամ «Զանգեզուրի միջանցք» կոչվածի վերահսկողության հարցը: Հայաստանը պահելով բավարար հեռավորության վրա ու նրան ԵՄ «կոմֆետը» ցույց տալով՝ Արևմուտքը ճանապարհ է հարթելու Թուրքիայի համար՝ վերացնելով Սյունիքի խոչընդոտը, որպեսզի Անկարան, այսինքն՝ ՆԱՏՕ-ն, ներկայություն ունենա նաև Կասպից ծովում,հասնի Միջին Ասիա՝դառնալով Կովկասի գլխավոր օպերատորը: Գլխավոր խնդիրը Կովկասից ռուսներին վտարելն է ու Մոսկվայի ազդեցության չեզոքացումը:

Գուցե կարող է գործարկվել մեկ այլ սցենար՝ Սյունիքի կորստի դիմաց ԵՄ անդամակցություն: Թուրքերի համար դա ուղղակի նվեր կլինի, պազրապես հարցն այն է, թե որ սցենարը կնախընտրեն Արևմուտքում, քանի որ Նիոլն ամեն ինչին պատրաստ է: Թուրքիային բացարձակ ազատություն տալու տարբերա՞կը, թե՞ նույն Հայաստանի միջոցով վերահսկողության տակ պահելը կնախընտրեն եվրևոպացիները: Եթե Թուրքիան իսկապես կլանի Հայաստանը, ինչի մասին երազում է ասենք Իլհամը՝ պատրաստակամություն հայտնելով անձամբ անել սև գործը, ապա Թուրքիան կարող է դառնալ համաշխարհային գերտերություն, որը կարող է հետո անկառավարելի դառնալ՝ դառնալով պրոբլեմ նաև Արևմուտքի համար: Այս հանգամանքը Արևմուտքում պետք է որ հաշվի առնեն, որքան էլ որոշ շրջանակներ կարևորեն Հայաստանի ու Իրանի միջև ընդհանուր սահմանը վերացնելու վտանգավոր նարատիվը:

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարին, ապա այդ հարցում դեռևս շատ քիչ բան է պարզ: Մի բան, սակայն, միանշանակ է, որ ԵՄ-ին անդամակցությունը մեկ-երկու տարվա հարց չէ, այլ՝ տարիների, իսկ թե ինչեր տեղի կունենան աշխարհում ու մեր տարածաշրջանում այդ ժամանակահատվածում, կարելի է միայն ենթադրել, եթե, իհարկե, Արևմուտքը բոլորին անակնկալի չբերի ու շատ արագ Հայաստանին իր թևի տակ չքաշի. վերջիվերջո աշխարհքաղաքական շահն է թելադրում՝ այս կամ այն պրոցեսը որքան կտևի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել