Hraparak.am-ը գրում է․

Փետրվարի 13-ից այս կողմ Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Հանդում քուն ու դադար չունեն։ Բա իրենց վերջը ո՞նց պիտի լինի՝ գրեթե ամեն օր համայնքապետին հարցնում են գյուղացիները։ Ահը մեջները մտավ, երբ գյուղի դիրքերում ադրբեջանցի դիպուկահարների կրակից զոհվեց 4 հայ զինծառայող։ Չնայած ամեն օր խոսում են պատերազմից, բայց Ներքին Հանդը լքելու ցանկություն գյուղացիները չունեն։ Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը երեկ ասաց՝ այս պահին հանգիստ է, սակայն փետրվարյան դեպքերից հետո գյուղի ժողովուրդն անհանգիստ է։

«Ներքին Հանդը նոր չէ ադրբեջանցիների թիրախում` 2022թ․ սեպտեմբերից հետո ադրբեջանցիները ներխուժեցին գյուղ։ Լսում ենք, որ հնարավոր է պատերազմ լինի, Դուք չե՞ք լսում։ Բայց գյուղացիները չեն ընկճվում, իրենց առօրյա հոգսերով են զբաղվում այս պահին, իսկ թե հետո ինչ կլինի՝ Աստված գիտի։ Գյուղը մեծ չէ՝ 15-20 հոգի է ապրում, ամեն օր հանդիպում ենք, հարցնում են՝ բա ո՞նց կլինի մեր վիճակը»,- ասաց համայնքապետը։ Այս հարցի պատասխանը փորձել են ստանալ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանից, բայց նա էլ չգիտի։ «Փետրվարի 13-ին, երբ պոստերում պատերազմ էր, գյուղացիները գյուղից տեղ չեն գնացել, մնացել են: Կախված իրավիճակից՝ կհասկանանք, թե ինչ անենք։ Բայց ինքնապաշտպանության միջոց չունենք, ոչ մի բան չունենք»,-ասաց համայնքապետը։ Նա գյուղացիներին զինելու անհրաժեշտություն է տեսնում, իշխանություններին մշտապես դիմել է այս հարցով․ «Պիտի վաղուց զինված լինեինք, ամեն ընտանիքում պիտի առնվազն 1-2 հատ զենք լինի։ Ամեն օր ես դրա համար դիմում եմ այս հարցով։ Փետրվարի 13-ի դեպքերի ժամանակ մարզպետն էլ եկավ, ոչ մի բան էլ չգիտի, մեզ նման անորոշության մեջ է»։ Հարցին՝ մտահոգություն ունեք, որ Տավուշի գյուղերի ճակատագրի՞ն կարժանանան նաեւ Սյունիքի գյուղերը, ասաց․ «Դե, այս պահին պայքարում ենք, որ նման բան չլինի, մնում ենք գյուղում։ Եթե 2022թ․ սեպտեմբերի 13-ին գյուղը լքեինք, գուցե Ձեր ասածը լիներ, բայց ապրում ենք գյուղում, գյուղացիներն էլ մնում են, թեկուզ՝ շատ դժվարությամբ»։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները 2022-ին զավթեցին Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ եւ Ծավ բնակավայրերի դիրքերը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել