Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ «գոլդ» համարանիշների աճուրդով 2024 թվականի փետրվարի 28-ի վաճառված 000 OO 00 համարանիշի գնորդն իր հայրն է՝ «Առանցք» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Առուշանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները գրեցին, որ աճուրդով 7 համարանիշ է վաճառվել 156 մլն դրամով:

«Չգիտեմ՝ քանի միլիոնով են գնել, բայց, այո՛, իմ հորը պատկանող ընկերությունն է գնել այդ համարը: Ինձ թվում է՝ դա նորմալ է, այդ նույն տրամաբանությամբ այդ ընկերությունը 29 տարի է՝ գործում է, 29 տարի հարկ է վճարում, առաջին խոշոր հարկատուներից մեկն է եղել, մինչեւ հիմա խոշոր հարկատու է: Հիմա այդ նույն կազմակերպությունը, օրինակ` 5 կամ 10 մեքենա է գնում, ինչ-որ մարդիկ կան, որ քննարկում կամ քննադատո՞ւմ են: Հիմա համար է էլի», - ասել է Առուշանյանը:

Նրա խոսքով՝ իր հայրը երիտասարդ տարիներից «գոլդ» համարանիշներ է իր մեքենային վերցրել:

Անդրադառնալով քննադատությանը, թե այդ գումարները կարող էին ուղղել բանակին, արցախցիներին՝ Գորիսի քաղաքապետը շարունակել է. «Շատ մարդ կա, շատ գումարներ ունի, չգիտեմ՝ ինչ-որ բան արել են, թե չեն արել: Բայց հայրս բոլոր պատերազմներին է մասնակցել, մեր ամբողջ ֆինանսական կարողությունն էլ է դրել՝ թե՛ 90-ականներին, թե՛ 44-օրյա պատերազմի, թե՛ ապրիլյանի ժամանակ: Դրանից բացի՝ հավատացյալ մարդիկ ենք, ինձ թույլ չեմ տա՝ ասեմ՝ բարեգործ ենք, բայց բարձրյալի սուրբ կամոք մինչեւ հիմա էլ… շատերն էլ քննադատում են, թե դրա տեղը կարող էր մի արցախցու համար տուն սարքել: Հիմա այդ նույն քննադատողներին ուզում եմ ասել, որ ոչ թե մի հատ է սարքվում, տասնյակ արցախցիներին էլ են տներ տրվել, դեռ տրվում է, որ ոմանց նման մեր փիառով չենք զբաղվում, խոսում, չպետք է քննադատել:

Ինչ վերաբերում է պետության համար արվեր, կարող ենք ամիսներով թվարկել՝ ինչը ոնց է արվել: Եթե համարը քննարկման թեմա է դարձել, բա ինչո՞ւ էդ նույն 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հարյուր միլիոնների թե՛ սնունդ, թե՛ կասկաներ, ժիլետներ, հարյուր տոննաներով վառելիք էր տեղ հասնում, կոռեկտ եմ ձեւակերպում, էդ թվերը շատ ավելի մեծ էին, ինչու մի անգամ դրան ոչ մեկ չանդրադարձավ: Պետք չէ բացասական ռակուրսից նայել «գոլդ» համարների գնմանը, այն կազմակերպությունն է գնել, որը, օրինակ` 15 տարի առաջ էլ, երբ լավ համար էր դուրս գալիս, մի հատ կամ մի քանի հատ վերցնում էր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել