Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուկրաինացի պաշտոնակցի՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է, որ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը, տեղեկացրել է «Անադոլուն»։

Նա նաեւ հայտնել է, որ ամենասկզբից եւեթ «արվում է հնարավոր ամեն բան, որպեսզի վերջ դրվի պատերազմին բանակցությունների հիման վրա։ Մենք պատրաստ ենք խաղաղության գագաթաժողով անցկացնել Ռուսաստանի մասնակցությամբ։ Մեր խորհրդակցությունների ընթացքում մենք կարծիքներ ենք փոխանակել Սեւ ծովում կայունության հարցերի հետ կապված, ինչպիսին են արտահանման միջանցքները եւ նավարկության անվտանգությունը։ Ինչպես գիտեք, Սեւծովյան նախաձեռնությունը կանխել է գլոբալ պարենային ճգնաժամը՝ ավելի քան 33 մլն տոննա հացահատիկ հասցնելով կարիքավորներին։ Եթե կա նոր համաձայնության հասնելու մտադրություն կողմերի միջեւ, մենք պատրաստ ենք աջակցել, ինչես եւ առաջ»,- թուրքական ԶԼՄ-ն մեջբերել է նախագահի խոսքերը։

Էրդողանի խոսքով՝ Ուկրաինայի համար շատ կարեւոր է ոտքի կանգնել տնտեսական առումով եւ ապահովել իր մշտական անվտանգությունը հետագայում։

Էրդողանն այս համատեքստում հայտնել է, որ իր աջակցությունն Ուկրաինայի եվրատլանտյան ինտեգրման հարցում մնում է անփոփոխ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել