168.am-ը գրում է․

«Վազգեն Սարգսյանը համակ Արարատ էր, իր էությամբ Արարատ էր, և նա իր կարճ գործունեությամբ ապացուցեց, որ իր էությամբ, ոգով ու նպատակներով Արարատն էր»,- գրող, հրապարակախոս, Հայոց բանակի սպա Գրիգոր Ջանիկյանն այսպես է բնութագրում Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանին:

Ազգային հերոսի ծննդյան 65-ամյա հոբելյանի առթիվ Արցախյան ազատամարտը վավերագրող Գրիգոր Ջանիկյանը 168.amի հետ զրույցում նշեց՝ Վազգեն Սարգսյանն այն հայն էր, որը հային վերադարձրեց ազգային արժանապատվությունը, ինքնությունը և հաղթանակի հավատը:

«Հիմա մեզ անընդհատ համոզում, հորդորում են, թե մենք թույլ ենք, անօգնական, անուժ ու տկար, որ ինչ ասեն՝ պետք է լսենք: Վազգեն Սարգսյանը հակառակն էր ասում՝ «հայոց ոգին ամենազոր է», ու դա ասում էր ոչ թե դարեր առաջ, այլ ընդամենը 30 տարի առաջ:

1988 թվականին հրապարակում նա դիմեց իր ժողովրդին՝ «հա՛յ ժողովուրդ, դուք ուզում եք կուշտ ուտե՞լ, թե՞ Արցախն ազատագրել», և ամբողջ հրապարակը միաձայն աղաղակում էր՝ «մենք Արցա՛խն ենք ուզում»:

Եվ նա հասավ իր նպատակին. պատմական հաղթանակ տարավ ու մեզ ձերբազատեց պարտվածության բարդույթից,- պատմեց մտավորականը՝ համոզում հայտնելով, որ Վազգեն Սարգսյաններ դեռ էլի են լինելու հայոց պատմության մեջ,- Այո՛, եղել է 1937 թվական. Խորենացի ընթերցողին Սիբիր են աքսորել, գնդակահարել են Բակունցին, խեղդամահ են արել Զապել Եսայանին…, բայց այսօր նրանց գնդակահարողները գոյություն չունեն, իսկ նրանց թողած ժառանգությունը, նրանց արձանները՝ որպես փառքի ազգային հպարտություններ, հառնում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում:

Այս սրբազան օրը, գոնե այսօ՛ր դպրոցի փառքի սրահներից մի՛ քերեք, մի՛ պոկեք Վազգեն Սարգսյանի, նրա հոյակապ զորահրամանատարների, զինվորների, հայոց մարտիկների նկարները: Մի՛արեք այդ ազգապղծությունը. վաղը պատմությունը վերականգնելու է իր արդարությունը, և դուք պատմության խարանն եք լինելու»:

Գրիգոր Ջանիկյանը համոզված է՝ ազգերի պատմություններն օրերով և օրերի իշխաններով չեն բնորոշվում, ու ժամանակը միշտ վերականգնում է ճշմարտությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել