Օրերս Մատենադարանի թանգարանի Ընծայաբերման սրահում տեղի է ունեցել բարերար Վահե Բադալյանի կողմից՝ Մատենադարանին Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանի (15-րդ դար) ընծայաբերման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումն անցկացվել է «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրության շրջանակում։ 

Ի երախտագիտություն մեծարժեք ձեռագրի նվիրաբերման՝ նվիրատուին առաջին անգամ շնորհվել է «Մատենադարանի բարերար» Ոսկե մեդալ։ Բարերար Վահե Բադալյանի անունից Ոսկե մեդալն ստացել է նրա որդին՝ Ռոման Բադալյանը, ով Բադալյանների ընտանիքի անունից հանդես է եկել շնորհակալական խոսքով։

«Խորին երախտագիտություն եմ հայտնում մեր ազգի պատմության ու մշակութային ժառանգության պահպանմանը նպաստող ձեր անգնահատելի ջանքերի համար։ Բադալյան ընտանիքի համար մեծագույն պատիվ է «Մատենադարանի բարերար» առաջին Ոսկե մեդալին արժանանալը։ Այն ընդունում եմ պատկառանքով և ուրախությամբ՝ գիտակցելով, որ ևս մեկ հնագույն ձեռագիր հասանելի կլինի ինչպես ապագա սերունդների, այնպես էլ միջազգային գիտական հանրության կողմից ուսումնասիրման համար», - նշել է Ռոման Բադալյանը։

Իր հերթին, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ընդգծել է Բադալյանների ընտանիքի անգնահատելի ջանքերը՝ հայկական մշակութային ժառանգության հարստացման գործում «Բարերար Վահե Բադալյանը Մատենադարանին է ընծայաբերում Հովհաննես երեցի ընդօրինակած Ավետարանը, որը գրվել է 1454 թվականին Բաղեշի Մզուք գյուղում, որը միջին դարերում եղել է հայ գրչության կենտրոն։ Մանրանկարները պատկանում են Վասպուրականի դպրոցին. պատվիրատուն եղել է տանուտեր Հակոբը»։ 

Միջոցառմանը ելույթով է հանդես եկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ով, կարևորելով բացառիկ ձեռագրի ընծայաբերումը, նշել է «Մատենադարանը բազմաթիվ մարդկանց և նրանց նվիրումի, սրտացավության արդյունքն է և շարունակում է լինել: Այստեղ մեկտեղվում են մեր բոլորի՝ պետության, անհատների, մասնավորի ջանքերը: Եվ սա, կարծում եմ, ցույց է տալիս Մատենադարանի նշանակությունը, որը կարողանում է համախմբել ու տանել»:

«Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» խորագրով ցուցադրությամբ մեկնարկում է Մատենադարանի՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հռչակվելու 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Ներկայացվելու են տարբեր տարիներին ընծայաբերված ձեռագրերի, արխիվային նյութերի և հնատիպ գրքերի բացառիկ հավաքածուներ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել