168.am-ը գրում է.

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արձագանքել է Մյունխենի Անվտանգության կոնֆերանսում Փաշինյանի մասնակցությունից սկսված՝ Անթալիայում ընթացող Դիվանագիտական ֆորումում հնչած հակառուսական հայտարարությունների նոր ալիքին։

Նա նշել է, որ Ռուսաստանը հետևում է Հայաստանի ղեկավարության հայտարարություններին և հետևություններ կանի սեփական գործնական քայլերը պլանավորելիս։

Լավրովի խոսքով՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված եռակողմ համաձայնությանն այլընտրանք չկա։

«Հայաստանի համար ղարաբաղյան հակամարտության անհաջող արդյունքների հետևանքով վերջին ամիսներին Երևանից կշտամբանքներ են հնչում Մոսկվայի հասցեին»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ շարունակելով, որ Հայաստանի ղեկավարության շուրթերից ամեն օր հնչող հայտարարությունները ստիպում են մտածել, թե ինչ է կատարվում իրականում, և ինչպես դա հաշվի առնել գործնական քայլերում։

Անդրադառնալով «ռուսականին, այսպես ասած, այլընտրանք» արևմտյան տարբեր հարթակներում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով բանակցություններին՝ Լավրովն ասել է, որ ադրբեջանցի գործընկերոջից հետաքրքրվել է տպավորությունների մասին, սակայն գերադասում է պատասխանը չհրապարակել։

Ըստ Լավրովի՝ Բաքվում իրեն ասել են, որ պատրաստ են խնդիրները լուծել եռակողմ համաձայնությունների շրջանակներում։

«Առաջընթացը, իմ կարծիքով, կախված կլինի նրանից, թե որքան ազնվորեն կկատարվեն եռակողմ պայմանավորվածությունները»,- ընդգծել է Լավրովը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ Լավրովը շեշտել է՝ ժամանակն է, որ Հայաստանը կողմնորոշվի ՀԱՊԿ-ում իր կարգավիճակի շուրջ։

«Մենք իսկապես շատ ենք ցանկանում, որ մեր հայ գործընկերները կողմնորոշվեն, թե ինչպես են ցանկանում իրագործել փոխադարձ հիմունքներով իրականացված համաձայնագրերը, որոնք մեզ կապում են տարբեր ինտեգրացիոն կառույցներում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում»,- նշել է Լավրովը։

Այս ֆոնին նաև Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցներ չեն նախատեսվում։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինի ծրագրերում Նիկոլ Փաշինյանի հետ շփումներ դեռևս չկան։

«Ներկա պահին բարձր մակարդակով ինչ-որ շփումներ ժամանակացույցով նախատեսված չեն, դրա հետ մեկտեղ՝ անհրաժեշտության դեպքում, իհարկե, կարող են լինել։ Հեռախոսազրույցները բավական արագ կարող են կազմակերպվել»,- նշել է Պեսկովը։

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը նշեց, որ Ռուսաստանը հասկանում է, որ թեև զբաղված է այլ ճակատներում, սակայն կան հարցեր, որոնցով պետք է զբաղվել և հստակեցնել, քանի որ անընդհատ հնչում են հայտարարություններ, որոնք երկկողմ՝ հայ-ռուսական մակարդակում բավարար բանակցությունների առարկա չեն դառնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել