Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մոզամբիկի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վերոնիկա Մակամոյի հետ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարներն անդրադարձել են երկու երկրների միջև համագործակցության օրակարգին, քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել բոլոր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու հարցում:
Հանդիպման օրակարգում են եղել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղությանն ուղղված ջանքերը՝ հավելելով, որ այդ նպատակին հասնել հնարավոր է միայն երկկողմ համարժեք հանձնառության միջոցով։
Երկուստեք ընդգծվել է խաղաղության ճանապարհին միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների հարգման կարևորությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել