Փետրվարի 22-ին Երևանի ոստիկանական վարչությունում և Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Գյուլբենկյան 33 շեքի մոտ տեղադրված է պայթուցիկ: Դեպքի վայրում է եղել նաև ԱԺ պատգամավոր, ՄԱԿ-ի նախագահ Արսենյան Գուգոն, իսկ պայթուցիկը հայտնաբերվել է նրա կուսակցության շենքի մոտ: Պայթուցիկը չի պայթել, իսկ Արսենյան Գուգոն հայտնել է, որ երկու օր առաջ է տեղադրված եղել պայթուցիկը,և այն ժամացույցով պետք է գործեր, իսկ երբ հարցրել են՝ ինչո՞ւ ժամացույցը չի գործել, Գուգոն տեսակետ է հայտնել,թե հնարավոր է՝ մարտկոցն է նստել:

Թե իրականում ինչ է տեղի ունեցել, իհարկե, իրավապահների պարզելիքն է, բայց շատ հնարավոր է, որ Արսենյան Գուգոյին, որ վերջերս այնքան էլ հաճախ չի երևում տեսախցիկների առջև, որոշել են ուղղակի ֆիզիկապես լիկվիդացնել՝ պայթեցնելու միջոցով կամ առայժմ համապատասխան մեսիջ են նրան հղել՝ այդպես էլ չպայթած պայթուցիկի միջոցով:

Թե ում «հավին է քշա ասել» Գուգոն, որ որոշել են նրա հարցերը հենց այս եղնակով լուծել, կարելի է միայն ենթադրել. Գուգոն միլիարդներ կոտակելու ճանապարհին, իհարկե, շատերի «ոտքն է տրորել» ու հաստատ չուզողներ, ոխերիմ թշնամիներ կունենա ոչ միայն քաղաքում, այլև աշխարհի տարբեր ծագերում: Բայց ամենաինտիգային հարցը թերևս մնում է այն,թե արդյոք կարելի՞ է բացառել այս պատմությունում քաղաքական հետքը:

Բոլոր դեպքերում ակնհայտո է, որ Գուգոն ունի մտածելու տեղ, քանի որ հաջորդ անգամ մարտկոցը կարող է և անժամանակ չլիցքաթափվել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել