Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Լոբյանի գլխավորությամբ հերթական աղմկահարույց բացահայտումն են կատարել Տավուշի մարզում։

Ամիսներ առաջ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ  էին ստացվել, որ Տավուշի մարզում նախապատրաստվում են սպանություն իրականացնել դեղորայքի միջոցով։

Ամիսներ շարունակ ոստիկանության ծառայողները իրականացրել են հսկայածավալ օպերատիվ աշխատանք, ինչի արդյունքում էլ այսօր, ժամեր առաջ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկել Տավուշի մարզի բնակիչ 31-ամյա մի քաղաքացու։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ըստ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների պարզվել է, որ այդ քաղաքացին Տավուշի մարզի 36-ամյա բնակչուհու հետ նախապատրաստել են և փորձել են այդ բնակչուհու 42-ամյա ամուսնուն դեղորայքով թունավորելու եղանակով սպանել, սակայն ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նրանք չեն կարողացել իրենց «սև գործն» ավարտին հասցնել։

Ոստիկանները պարզել են նաև Տավուշի մարզում գործող այն խանութ սրահի վայրը, որտեղից նրանք փորձել են համապատասխան դեղորայքը վերցնել։

Ոստիկանները հայտնաբերել են նաև այդ տղամարդու հանցակցին և նրան նույնպես բերման են ենթարկել ոստիկանության Իջևանի բաժին, որտեղ փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշված անձինք ձերբակալվել են քննիչի որոշմամբ և նրանք իրար հետ ունեցել են սիրային կապ ու եկել են համաձայնության, որպեսզի այդ կնոջ ամուսնուն սպանեն, որպեսզի իրենց ինտիմ հարաբերությունները առանց խոչընդոտի շարունակեն։ Տղամարդը ծառայում Է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել