Lurer.com-ը գրում է.

Ցանկացած կառավարության և նրա ղեկավարի ամենօրյա աշխատանքի թեման է՝ ինչպես ապահովել երկրի անվտանգությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին,  Հանրային ռադիոյին տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր ժամանակներում այս հարցը գործնականում հրատապ է շատ երկրների համար: Այս հարցի առաջին պատասխանն է բարեփոխել, ուժեղացնել բանակը, ունենալ  մարտունակ բանակ, որն ի վիճակի է լուծել խնդիրները: Երկրորդ գործիքն անվտանգության ապահովման՝ արտաքին հարաբերություններն են: Այս երկու արձանագրման մեջ մեծ նորություն չկա:

Կարեւոր եմ համարում, որ լեգիտիմության հարցն ավելանա այս զույգին, որովհետեւ և՛ արտաքին հարաբերություններում, և՛ բանակի կառուցման կոնտեքստում շատ կարեւոր է ունենալ լեգիտիմ նպատակներ: Լեգիտիմ՝ առաջին հերթին միջազգային ընկալման տեսակետից, աշխարհի համար հասկանալի:  Եթե մեր ներքին ընկալման և արտաքին ընկալման մեջ դիսոնանս կա, դրա մեջ է գեներացվում անվտանգային սպառնալիքը: Այդ սպառնալիքը հասկանալու համար այդ ճեղքը պետք է փակել, որպեսզի խզում չառաջանա այս երկուսի մեջ, և այդտեղ չառաջանա այն նեգատիվ էներգիան, որը բերում է անվտանգային սպառնալիքի և դրա իրագործման:

Ես լեգիտիմությունը տեսնում եմ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների մեջ»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ունենալ ուժեղ ու մարտունակ բանակ. «Եթե դու ուժեղ եւ մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ ոք քեզ չի կարող ասել՝ ինչու ես դու քո բանակն ուժեղացնում: Եթե դու խնդիր ես դնում, որի լեգիտիմությունն արտաքին միջավայրի առումով կարող է դրվել կասկածի տակ, այստեղ առաջանում են խնդիրներ: Ես ասում եմ՝ մենք մեր բանակը պետք է ուժեղացնենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը պաշտպանելու նպատակով: Մեր երկրի տարածքային ամբողջականությունը Հայկական ԽՍՀ-ի տարածքային ամբողջականությունն է:

Իսկ եթե մենք ասում ենք, որ բանակն ուժեղացնում ենք, որպեսզի, օրինակ, վերականգնենք պատմական արդարությունը, շատ պարզ հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ պետք է ուրիշները թույլ տան, որ այդ բանակը հզորանա, որ պատմական արդարության հարց լուծի: Առնվազն խելամիտ չէ թույլ տալ, որ այդ բանակն ուժեղանա»:

Պարզաբանելով, թե ինչ նկատի ունի «լեգիտիմություն» ասելով՝ Փաշինյանն ասաց․

«Ես նկատի ունեմ լեգիտիմություն՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, Հայաստանի Հանրապետության անկախությունը և զարգացման համար բնականոն պայմաններ ապահովելը:

Եվ հաջորդ արձանագրումն այն է, որ սա պետք է լինի անվտանգության մասին մեր ռազմավարական պատկերացման հիմքը: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ ամեն ինչ՝ բոլոր քաղաքականությունները, բոլոր խոսույթները մենք պետք է համապատասխանեցնենք այս ռազմավարությանը, որպեսզի այս հռչակված ռազմավարության և իրականությունների արանքում նույնպես ճեղք չառաջանա, որովհետև ճեղքերն այն տեղերն են, որտեղ մեզ համար աննկատ գեներացվում է այն էներգիան, որը սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել