Իրանը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ եթե Վաշինգտոնը հարվածներ իրականացնի Իրանի տարածքում, ապա դրանով կհատի կարմիր գիծը և պատասխան միջոցներ կհրահրի Մերձավոր Արևելքում ամերիկյան թիրախների դեմ: Դրա հետևանքով երկու կողմը կներքաշվեն ուղղակի հակամարտության մեջ:

Ինչպես նշում է The Guardian-ը, այս նախազգուշացումը հնչել է այն ժամանակ, երբ աշխարհն ուշադիր հետևում է՝ տեսնելու, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ինչպես կպատասխանի Իրանի աջակցությունը վայելող աշխարհազորայինների կողմից կիրակի Հորդանանում ամերիկյան բազայի վրա անօդաչուով հարձակմանն ու դրա հետևանքով երեք ամերիկացի զինվորների սպանությանը:

Բայդենը հայտարարել է, որ արդեն կայացրել է պատասխան արձագանքի հետ կապված իր որոշումը,  բայց չի բացահայտել մանրամասները: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում Մերձավոր Արևելքում պատերազմի ընդլայնում: 

Բայդենը կիրակի օրվա հարվածից հետո երկուշաբթի իր ռազմական և ազգային անվտանգության խորհրդականների հետ քննարկել է հավանական պատասխանի մի շարք տարբերակներ, այդ թվում՝ Պարսից ծոցում իրանական ակտիվներին հարվածելը, Սիրիայում և Իրաքում Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինների դեմ գործողությունը, կիբերհարձակումը և ամենավտանգավոր տարբերակը՝ հարվածներ հասցնել Իրանի տարածքում՝ շարքից հանելու հրամանատարներին և առանցքային ռազմական օբյեկտները:

Նշենք, որ պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ որևէ առնչություն չունի Հորդանանում ամերիկյան բազայի վրա մահաբեր հարձակմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել