SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից շան կծելու հետևանքով շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը հիվանդանոց է բերվել «գլխի, պարանոցի, վերջույթների հատվածի բազմակի կծած վերքեր» ախտորոշմամբ և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Արմավիրի մարզի բնակիչ, 73-ամյա Աիդա Ն.-ն է:

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը՝ վաղ առավոտյան, և վիրավորը աշխատում է Էջմիածնի քաղաքապետարանի կոմունալ ծառայությունում՝ որպես մաքրուհի։ Աշխատանքներ կատարելիս է եղել, երբ թափառող շունը հարձակվել է նրա վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել