Hraparak.am-ը գրում է․

Ռուսաստանում, ինչպես հայտնի է, մարտի 16-ին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ։ Թեեւ, մեծ հաշվով, արդյունքներն արդեն պարզ են, եւ այդ ընտրությունները կարելի է անվանել նաեւ Վլադիմիր Պուտինի հերթական վերընտրության գործընթաց, սակայն, ամեն դեպքում, ռուսական հանրային-քաղաքական քննարկումներում բավական հետաքրքիր տեսակետներ են արտահայտվում, եւ բավականին ուշագրավ տրամադրություններ կան։
Մասնավորապես, փորձագետները նշում են, որ ՌԴ-ում բնակչության կենսապահովման եւ այլ ոլորտներում եղած խնդիրները չափազանց շատ են։ Ավելի շատ են չլուծված խնդիրները, քան լուծվածները, ինչպես նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր նկատել, անդրադառնալով մի քաղաքացու հայտարարությանը՝ իր հետ ունեցած ուղիղ կապի ժամանակ, որ Պուտինին չի ընտրելու։ Նման իրավիճակում, ըստ վերլուծաբանների, Կրեմլին անհրաժեշտ են բավականին յուրահատուկ մոտեցումներ, եղած խնդիրների հանդեպ նորովի հայացք գցելու կարողություն։ Այս համատեքստում չեն բացառում, որ պետական կառավարման վերին էշելոններում, ինչպես նաեւ պետական, համակարգաստեղծ կորպորացիաներում որոշակի տեղաշարժեր եւ ռոտացիոն փոխատեղումներ կարող են լինել։


Ընդհանուր առմամբ ակնկալելի է, որ լինի կառավարման թարմացում։ Կարեւոր է այն, որ ե՛ւ էլիտաները, ե՛ւ բնակչությունը սկսում են հասկանալ ղեկավարության հետ միատեղ, որ այսպես շարունակել չի կարելի, եւ ինչ-որ փոփոխություններ պետք է կատարվեն։ Արմատական որոշումների կարիք կա ինչպես կոմունալ ոլորտում, այնպես էլ ապրանքների եւ ծառայությունների գնագոյացման հետ կապված հարցերում, տեղական արտադրանքով օտարերկրյա արտադրանքին փոխարինելու ռազմավարությունում, ինչպես նաեւ տնտեսության զարգացման մյուս ուղղություններում։ Քաղաքական առումով, որքան էլ հարցերը լինեն սուր դրված, սակայն նպատակահարմար է, որ կադրային ծավալուն թարմացում իրականացվի ընտրություններից հետո, իսկ այժմ բավարարվեն, այսպես ասած, «ծիծեռնակների» ազդարարումով։ Հատկապես, որ գարնանային սեզոնն էլ ինքնին կհուշի, որ փոփոխությունների կամ, ավելի պոետիկ ձեւով ասած՝ «ռուսական վերազարթոնքի» ժամանակն է։

Տեսակետ կա նաեւ, որ մեծ փոփոխություններ չեն լինի, հաշվի առնելով, թե ինչպիսին է ռուսական քաղաքական եւ կառավարական համակարգը, եւ խոսակցություններն էլ պարզապես անհրաժեշտ են հասարակության տրամադրությունները ստուգելու, գործընթացներին որոշակիորեն «կառավարելի էքշըն» ապահովելու համար։ Ամեն դեպքում, գրեթե բոլոր փորձագետները համակարծիք են, որ նույնիսկ չափազանց չափավոր եւ թույլատրելի քննադատությանն ականջալուր լինելիս անգամ պարզ է դառնում, որ կուտակված ահռելի սոցիալ-տնտեսական ու ֆինանսական խնդիրներ կան երկրում, պատերազմական եւ մյուս հարցերը չհաշված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել