Lurer.com-ը գրում է.

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը վերջերս հաճախ է հանդես գալիս գրառումներով, որոնք վերաբերվում են առողջապահության ոլորտի այս կամ այն ասպեկտին, չնայած, որ արդեն երկար ժամանակ է, ինչ այս ոլորտի հետ անձամբ Թորոսյանը որևէ աղերս չունի: Տպավորություն է ստեղծվում, որ նախկին նախարարի ակտիվությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս ճիշտ է գնահատել ընթացիկ դրությունը, այն է՝ հանգամանքը, որ Անահիտ Ավանեսյանի տակից աթոռը, կարծես թե, գնում է: Շատ է գրվել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կողմից սկիզբ դրված կադրային ջարդի հաջորդ զոհը լինելու է հենց Ավանեսյանը:

Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՔՊ-ական պատգամավոր,  Արսեն Թորոսյանը, ինչպես նաեւ Գեղարքունիքի արդեն մարզպետ Կարեն Սարգսյանն ու ՏԿե նախարարը Մարտունիում ներկա գտնվեցին նորակառույց բժշկական կառույցի բացմանը: Առաջին պլանում, իհարկե, Արսեն Թորոսյանն ու Անահիտ Ավանեսյանն էին: Ակնհայտ է, որ առողջապահության գործող եւ նախկին նախարարների միջեւ թեժ մրցակցություն է գնում: Արսեն Թորոսյանը թեեւ 3 տարի պաշտոնավարելուց հետո տեղափոխվեց օրենսդիր, բայց նրա աչքը դեռ նախարարի պաշտոնի վրա է ու ամեն առիթի դեպքում՝ թե՛ ԱԺ ելույթներում, թե՛ իր ֆեյսբուքյան գրառումներում քննադատում է Անահիտ Ավանեսյանի գործունեությունը:

Մամուլում ուշագրավ կարծիք էր տարածվել առ այն, թե ինչու է Թորոսյանը շարունակում՝ նախարարություն հետ վերդառնալու հույսեր փայփայել: Ըստ հոդվածներից մեկի՝ Թորոսյանը շարունակում է վախենալ, որ 2020թ.-ին «Քովիդ 19»-ի միլիոնների ծախսերի մասով հարուցված քրեական գործի տակից դուրս գալու համար անհրաժեշտ է հետ գնալ նախարարություն ու վերահսկել ուժայիններին փոխանցվող փաստաթղթերը, մասնագիտական եզրակացությունները եւ այլն: Կհաջողվի արդյոք Թորոսյանին գահընկեց անել Ավանեսյանին՝ ցույց կտա ժամանակը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել