Hraparak.am-ը գրում է․

Մեր երեխաները զինվոր են եղել, հայրենիք են պաշտպանել, մենք մնացել ենք այս երկրում։ 2018-ին հինգ տարով երկարացրել են ժամկետը, 2023-ին լրացել է, կարող էին երկարացնել ժամկետը՝ հաշվի առնելով մեր ընտանեկան վիճակը, կարող էին 55-ից բարձր ուսուցիչներին թույլ տալ առանց որևէ նախապայմանի շարունակել իրենց աշխատանքը։ Այսօրվա դրությամբ զրոյացրել են մեր ամբողջ աշխատանքը ու մեզ դրել անպատիվ վիճակի մեջ։ Այս մասին քիչ առաջ ԿԳՄՍՆ շենքի մոտ շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ուսուցիչներից մեկը:

Միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները, հիշեցնենք, այժմ բողոքի ակցիա են իրականացնում ԿԳՄՍՆ-ի մոտ: Նրանց պնդմամբ՝ ատեստավորման հետևանքով իրենք մնացել են առանց աշխատանքի:

«Ես գյուղում ապրող ուսուցիչ եմ, այնքան ինձ վատ եմ զգում, որ ասում են՝ անգրագետ է, գնացել է, չի կարողացել անցնել, գործից ազատել են։ Ես այնքան վիրավորված եմ կառավարությունից, մենք ընտրեցինք, որ մեզ նման հայրենասեր, նվիրված մարդկանց այսպիսի վերաբերմունք ցույց տա՞ն, ինչ անենք, մտածենք, որ գնացողները ավելի ճի՞շտ են եղել»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել