Hraparak.am-ը գրում է․

ԱՄՆ Պետդեպարտամենտը տեղեկացնում է, թե դեմ չէ, որ Թուրքիային վաճառվեն F-16 կործանիչներ, սակայն հիշեցնում է, որ Կոնգրեսում այս հարցը կապում են Անկարայի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցին հավանություն տալու հետ։ Այս մասին հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Մեթյու Միլլերը։


«Մենք մեր կողմից աջակցում ենք Թուրքիային F-16-ների վաճառքը, սակայն Կոնգրեսում կան մարդիկ, որոնք որոշել են, որ Թուրքիային այդ կործանիչների վաճառքը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ Թուրքիան հաստատի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը»,- մասնավորապես ասել է Միլլերը բրիֆինգի ժամանակ՝ հավելելով, որ իրենք կարող են միայն հորդորել Թուրքիային՝ դա անել հնարավորինս արագ։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները, բացի Հունգարիայից եւ Թուրքիայից, արդեն վավերացրել են Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցությունը։ Անկարան իր հերթին նախապայման է առաջ քաշել, որպեսզի հաստատի Շվեդիայի անդամակցությունը։ Եվ հիմա կարծես թե Միացյալ Նահանգները, որ այդ անդամակցության գործընթացի հիմնական նախաձեռնողն է, օգտագործում է Թուրքիայի վրա ունեցած իր լծակները, որպեսզի հարկադրի Անկարային՝ հնարավորինս շուտ հաստատել Շվեդիայի անդամակցությունը։ Նկատենք, որ, ըստ ամենայնի, ԱՄՆ-ն հասկացնում է, որ թուրքական բանակի արդիականացումը, որն այժմ փորձ է արվում իրականացնել, շատ բաներով կախված է լինելու այն հանգամանքից, թե արդյոք Անկարան բավարար ողջամիտ կգտնվի՞ այն հարցի հաստատման առնչությամբ, որի հեղինակը կամ նախաձեռնողը Վաշինգտոնն է։ Սա կարող է նաեւ նշանակել որոշակի թուրք-ամերիկյան գործարք, եւ եթե այն կայանա, ըստ էության, կարելի կլինի արձանագրել, որ Թուրքիան, անկախ այն հանգամանքից, թե այդ երկրի ղեկավարն ինչպիսի «խրոխտ» բառապաշար է օգտագործում իր հանրային խոսքում, տեղի տվեց Միացյալ Նահանգներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել