Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարծում է, որ Եվրոպան պետք է ձգտի ավելի լավ պաշտպանել իրեն, քանի որ տասնամյակի վերջին կարող են ի հայտ գալ նոր ռազմական սպառնալիքներ, անգամ եթե ԱՄՆ ուշադրությունը տեղափոխվի դեպի Հնդկա-խաղաղօվկիանոսյան շրջան։

Ռուսաստանը զգալիորեն ավելացնում է զենքի արտադրությունը Ուկրիանայի համատեքստում, ինչպես նաեւ սպառնում է Բալթիային, Վրաստանին եւ Մոլդովային, ասել է Պիստորիուսը Welt am Sonntag-ի հարցազրույցում։

ԱՄՆ-ն ամենայն հավանականությամբ կկրճատի իր ռազմական ներկայությունը Եվրոպայում, քանի որ ավելի շատ կկողմնորոշվի դեպի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։

«Մենք՝ եվրոպացիներս, պետք է ավելի շատ մասնակցենք անվտանգության ապահովմանը մեր աշխարհամասում»,- ասել է Պիստորիուսը՝ նշելով, որ ժամանակ  է պետք, որպեսզի մեծացվի սեփական զենքի արտադրությունը։

«Մենք մոտ 5-8 տարի ունենք, որպեսզի լրացնենք բաց թողածը զինված ուժերի, արդյունաբերության եւ հանրության տեսակետից»,- ասել է նա։ Եվրոպայի համար պարզ է, որ գուցե ստիպված է լինելու փոխհատուցել ամերիկյան օգնությունն Ուկրաինային, եթե Վաշինգտոնը չկարողանա համաձայնեցնել նոր ֆինանսավորումը, նշել է նախարարը։

Նրա կարծիքով՝ «Լեհաստանում Եվրոպայի համար ավելի բարեկամական կառավարության» ընտրությունը պետք է թույլ տա Վեյմարյան եռանկյունուն՝ Բեռլինին, Փարիզին եւ Վարշավային, ավելի ակտիվորեն զարգացնել ռազմական համագործակցությունը։

«Մենք պետք է հասկանանք, թե ինչպես ավելի լավ դիրքավորվենք արեւելյան թեւում՝ ՆԱՏՕ պաշտպանական ծրագրերի հիման վրա»,- ասել է նա։

Պիստորիուսը նաեւ հայտարարել է, որ ներկայում չի ակնկալում, որ գերմանական բանակը կկրկնի նույնքան մասշտաբային առաքելություններ, որքան նրանք, որոնք կատարել է Աֆղանստանում եւ Մալիում։

Աֆղանստանում գերմանացի զինվորականները վարեցին առաջին ցամաքային մարտերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։

«Բայց ոչ մեծ առաքելությունները, մասնավորապես, ռազմական խորհրդատվության կամ այն երկրների հետ համագործակցության ոլորտում, որոնք միշտ չէ, որ կիսում են մեր արժեքները, մեծ նշանակություն կունենան,- ասել է նա։- Այլընտրանքը կլիներ այդ երկրների հետ շփումից հրաժարվելը եւ նրանց ռուսներին ու չինացիներին հանձնելը, իսկ դա շատ ավելի վտանգավոր կլիներ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել