ArmLur.am-ը գրում է․

Շուտով Ամանոր է։ Ամանորյա եռուզեռը տարբեր մարդկանց մոտ արտահայտվում է տարբեր կերպ՝ ոմանք տանը՝ ընտանիքով, ոմանք ընկերների հետ, ոմանք էլ՝ առօրյայից կտրվելով տարբեր հյուրանոցներում են տեղավորվում՝ նոր տարին յուրօրինակ նշելու համար։

ArmLur.am-ը դիմել է Ծաղկաձոր քաղաքի տարբեր հյուրանոցներ՝ դեկտեմբերի 31-ը իրենց մոտ անցկացնելու պատրվակով՝ հասկանալու համար, թե ինչ արժեքներ են առկա։ Արդյունքում պարզ է դառնում հետեւյալը.

«Ararat Resort»-ից տեղեկացրին, որ ազատ տեղեր այս պահին ունեն, սակայն քանի որ պահանջարկը մեծ է, հնարավոր է շատ արագ սպառվի։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը 2 անձի համար նախատեսված կլասսիկ համարն առաջարկում են 850.000 դրամով, ներառյալ 2 գալա ընթրիք՝ դեկտեմբերի 31-ի գիշերը եւ հունվարի 5-ին, երեքանգամյա սնունդ բոլոր օրերին, հավելյալ հյուրանոցային ծառայություններ՝ լողավազան, մարզասրահ, շոգեբաղնիք, տեղափոխում ճոպանուղի եւ վերադարձ։ Արժեքը ֆիքսված է։

«Kecharis Hotel and Spa»-ից մեզ հայտնեցին, որ ազատ տեղեր չունեն եւ քանի որ չունեին, արժեքներ եւս չհայտնեցին։

«Alva Hotel and Spa»-ից մեզ փոխանցեցին, որ այս պահին դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը մինչեւ 8 անձի համար նախատեսված քոթեջ ունեն, որը արժի 700.000 դրամ:

«Kareno» հյուրատնից մեզ հայտնեցին, որ 2 անձի համար 30000 դրամանոց սենյակներ են առաջարկում, որը այլեւս ոչինչ չի ներառում արժեքի մեջ։

«Woodland cottages»-ից մեզ ասեցին, որ այս պահին ազատ քոթեջներ չունեն, ազատ է միայն հունվարի 3-ից հետո։

Մի շարք այլ հյուրանոցներ կոնտակտային տվյալներ վերցնելով, խոստացան կապ հաստատել, սակայն այդպես էլ մնացինք անպատասխան։

Թե ինչ առաջարկներ են գործում այլ քաղաքների հյուրանոցների դեպքում՝ ArmLur.am-ը կներկայացնի հաջորդիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել