ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել՝ ողջունելով ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը, համաձայն որի՝ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի։

«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը 2 ադրբեջանցի և 32 հայ կալանավորների ազատ արձակման մասին։ Այս հանձնառությունը վստահության ամրապնդման կարևոր միջոց է խաղաղության համաձայնագրի ավարտի և հարաբերությունների կարգավորման աշխատանքների ֆոնին։

Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ Հարավային Կովկասի ժողովրդի համար ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի հիմքեր ստեղծելու համատեղ ջանքերի համար», - ասված է Պետդեպի հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները կշարունակի խստորեն աջակցել տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարությունը հրապարակվել էր երեկ երեկոյան, իսկ ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին նաև ազատ արձակված հայ զինծառայողների անունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել