Hraparak.am-ը գրում է.

Արեւմուտքի ու Եվրոպայի հետ հարաբերությունների սերտացման կուրս որդեգրած Հայաստանի համար աշխարհաքաղաքական նոր իրողություններ են ստեղծվել։ Եվ խոսքն ամենեւին ՌԴ-ից հնչող քննադատությունների մասին չէ։ Բանն այն է, որ Երեւանի արտաքին նոր քաղաքականությունը որոշակի խանդի տեսարաններ է առաջացրել նաեւ Բաքվում, որտեղ հայտարարել են հայ-ադրբեջանական բանակցությունների ամերիկյան հարթակը բոյկոտելու մասին՝ կապված Վաշինգտոնից հնչող կոշտ քննադատության եւ Սենատի կողմից «2023 թ․ ՀՀ պաշտպանության ակտի» ընդունման հետ, որով չեղարկվում է Ադրբեջանին ռազմական օգնությունը։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (RSC) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի հետ։


- Գրանադայի եւ Բրյուսելի բանակցություններից հետո այժմ էլ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից Բաքվի հրաժարվելը խոսում է որոշակի օրինաչափության մասին։ Ադրբեջանը ո՛չ եվրոպական հարթակն է ուզում, ո՛չ՝ ամերիկյանը։ Կարո՞ղ ենք ասել, որ միայն ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին «նեղելու» առիթները չեն ալիեւյան ռեժիմի այս բոյկոտի պատճառը։

- Նոյեմբերի 20-ին նշանակված Վաշինգտոնի հանդիպումը մերժելու` Ադրբեջանի որոշումը լուրջ սխալ հաշվարկ էր եւ ռազմավարական սխալ՝ երկու հիմնական պատճառով: Նախ, Բաքվի կողմից հանդիպման բոյկոտը տեղի է ունենում ավելի վաղ Բրյուսելում եւ Գրանադայում հանդիպումից հրաժարվելուց հետո: Այս վերջին մերժումը հիասթափություն է առաջացնում Արեւմուտքում, ինչպես Բրյուսելում, այնպես էլ Վաշինգտոնում: Արեւմուտքի այս հիասթափությունը նաեւ նշանակում է, որ Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշման նկատմամբ շատ ավելի քիչ հանդուրժողականություն կա։ Երկրորդ պատճառն այն է, որ Ադրբեջանը սխալ հաշվարկներ է արել՝ կապված Վաշինգտոնին զայրացնելու հետ․ որքան էլ բարդ է հետպատերազմյան նոր իրականությունը Հայաստանի համար, Ադրբեջանը նույնպես շատ ավելի քիչ կարեւոր է ԱՄՆ-ի համար, քան նախկինում: ԱՄՆ-ի համար Ադրբեջանի ռազմավարական նշանակության այս նվազումը պայմանավորված է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմամբ, ինչը նշանակում է, որ հզոր եւ ազդեցիկ Պենտագոնին այլեւս պետք չէ ադրբեջանական համագործակցությունն աֆղանական ռազմական «օդային միջանցքի» համար։

- Ակնհայտ է՝ Ադրբեջանը շահագրգռված է, որ բոլոր միջնորդները հիմք ընդունեն կարգավորման իր տարբերակը։ Հոկտեմբերին Ալիեւը դժգոհում էր Ֆրանսիայի հայամետ դիրքորոշումից, հիմա պնդում է, թե Վաշինգտոնի մոտեցումները միակողմանի են։ Ալիեւի աշխատակազմից հայտարարում են, թե Հայաստանը պետք է խաղաղություն փնտրի Հարավային Կովկասում, ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Փարիզում։ Այս պայմաններում, ամերիկյան հարթակն ի՞նչ խնդիրների կարող է բախվել առաջիկայում։

- Միացյալ Նահանգների համար Ադրբեջանի ամբարտավան մաքսիմալիստական դիրքորոշումը խնդիր է դարձել։ Բայց ճիշտ է նաեւ, որ ԱՄՆ-ն քիչ լծակներ ունի Ադրբեջանի վրա, քանի որ Բաքուն ոչ միայն դեռեւս աջակցություն է ստանում Թուրքիայից, այլեւ ձեռք է բերել մասնակցություն եւ նույնիսկ համագործակցություն Ռուսաստանից: Այնուամենայնիվ, Վաշինգտոնն այժմ ավելի լրջորեն է վերաբերվում այն փոքր լծակներին, որոնք ունի: Իսկ արդեն ակնհայտ ամերիկյան հիասթափությունն Ադրբեջանի հանդեպ հուշում է, որ Վաշինգտոնը միայն կշարունակի ճնշում գործադրել Բաքվի վրա, թեեւ պատժամիջոցները մնում են Միացյալ Նահանգների վերջին միջոցը:

- Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ցանկացած փորձ բացասաբար կանդրադառնա Բաքվի եւ Վաշինգտոնի հարաբերությունների վրա՝ հայտարարում է ԱՄՆ-ն։ Կոնգրեսում ԼՂ հարցով լսումների ժամանակ էլ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս ՕԲրայենը հայտարարեց, որ Վաշինգտոնը դադարեցրել է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին (դրան հաջորդեց Սենատի հայտնի որոշումը՝ ՀՀ պաշտպանության ակտի մասով) եւ մի շարք կարեւոր այցեր է չեղարկել։ Ըստ Ձեզ, որքա՞ն կշարունակվի ԱՄՆ-ի այս ճնշումը եւ ի՞նչ արդյունքների կբերի։

- Վաշինգտոնի համար Հայաստանն առանձնանում է որպես վստահելի գործընկեր եւ ողջունվում է որպես կենսունակ ժողովրդավարություն, որն օժտված է լեգիտիմության հազվագյուտ բրենդով՝ երկու՝ իրար հաջորդող իսկապես ազատ եւ արդար ընտրություններով: Սա Հայաստանի իշխանությանը միայն ավելի գրավիչ է դարձնում Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ-ի համար։ Սա նաեւ ցույց է տալիս, որ Հայաստանի ժողովրդավարական հավատարմագրերն այժմ շատ ավելի ամուր եւ դիմացկուն են, քան կարող էր թվալ։ Իսկ տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության համար 2020-ի պատերազմը եւ ադրբեջանական վերջին հարձակումն ու ռազմական հաղթանակը երկու վտանգավոր նախադեպ են ներկայացնում։ Նախ՝ որպես ուժի կիրառման թվացյալ վավերացում եւ, երկրորդ՝ որպես ավտորիտար իշխանության հաղթանակ ժողովրդավարության նկատմամբ։ Վերջին համատեքստում սա նաեւ ընտանեկան, կոռումպացված բռնապետության հաղթանակ էր:

- Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը մեկ անգամ եւս կողմերին կոչ է արել նստել ուղիղ բանակցությունների՝ հանուն արժանապատիվ եւ կայուն խաղաղության։ Նաեւ նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է նպաստել այդ բանակցություններին՝ միաժամանակ ողջունելով գործընթացին նպաստելու այլ երկրների ջանքերը, այսինքն՝ նույն եվրոպական հարթակը։ Համոզի՞չ է այս ուղերձը, եւ, ի վերջո, կհամաձայնի՞ Բաքուն դրան՝ հաշվի առնելով, որ արդեն հայկական կողմին առաջարկել է հանդիպում անցկացնել հայ-ադրբեջանական սահմանին։

- Չնայած այն ամենին, ինչ տեղի է ունեցել, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ դիվանագիտական բանակցությունների վերսկսման ակնկալիքներ կան: Այս ակնկալիքը հիմնված է այն փաստի վրա, որ գործընթացը վաղուց եղել է առանձին, նկատի ունեմ առանձին Լեռնային Ղարաբաղից։ Իսկ խաղաղության պայմանագիրը երկկողմ միջպետական պայմանագիր է, որը նույնպես անջատված է ղարաբաղյան հակամարտությունից։ Սակայն Ադրբեջանի կողմից Հայաստանի հարավի դեմ հերթական էսկալացիայի եւ ռազմական հարձակումների փուլի իրական վտանգ կա: Սա մեծապես պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը հզորացել է իր վերջին ռազմական հաղթանակով եւ ոգեւորված է թուրքական կույր աջակցությամբ, Իսրայելի խորամանկ զորակցությամբ եւ Ադրբեջանի վրա արեւմտյան որեւէ լծակի բացակայությամբ: Այդ ֆոնին դեռեւս չկան զսպող եւ իրական դրդապատճառներ, որ Ադրբեջանը կանգ կառնի հիմա: Ավելի շուտ, ակնհայտ վտանգ կա, որ Ադրբեջանը կշարունակի հույսը դնել միայն ռազմական ուժի վրա՝ դուրս գալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հաղթահարելու սահմաններից եւ շարժվելով Հայաստանի դեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել