Հայաստանում առաջին անգամ է անցկացվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը, որի աշնանային նստաշրջանը մեկնարկել է այսօր առավոտյան Երեւանում՝ մշտական հանձնաժողովի նիստով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

«Սովորաբար, մշտական հանձնաժողովում աշխատանքային բնույթի հարցեր են քննարկվում: Ներկայացվեց խորհրդարանական վեհաժողովի նախագահի, գլխավոր քարտուղարի, գանձապահի, նաեւ աշխատանքային խմբերի աշխատանքների արդյունքները ամառայինից մինչեւ աշնանային նտաշրջան ընկած հատվածում: Նաեւ ընտրությունների դիտորդական առաքելությունների արդյունքները: Մեր հյուրերը, պատվիրակները շնորհակալություն հայտնեցին Հայաստանին՝ հյուրընկալելու համար: Այս նիստում քաղաքական բնույթի հարցեր չեն քննարկվում:

Իսկ արդեն կեսօրից հետո մեկնարկելու է բուն նստաշրջանի աշխատանքը, որտեղ ողջույնի խոսքով հանդես են գալու ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը եւ սկսվելու է առաջին թեմատիկ քննարկումը, որը վերաբերում է ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգային խնդիրներին եւ մարտահրավերներին»,- ընդգծեց Խանդանյանը:

Անդրադառնալով նրան, որ նստաշրջանին ներկա չեն Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի ներկյացուցիչները, Խանդանյանն ասաց. «Ըստ ԵԱՀԿ ԽՎ կանոնադրության աշնանային նստաշրջանում փաստաթղթեր չեն ընդունվում, այն ավելի շատ քննարկումների հարթակ է եւ 4 թեմատիկ քննարկում է տեղի ունենալու:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակության չժամանելուն, մի քանի անգամ նրանք հարց են բարձրացրել տարբեր ֆորմատներով՝ կապված Հայաստանում իրենց անվտանգության հետ: Հայաստանի ԱԺ-ն ԵԱՀԿ ԽՎ նախագահին եւ Վեհաժողովին արձագանքել է՝ ասելով, որ ԱԺ-ն պատրաստ է ապահովել պատգամավորների անվտանգությունը, բայց ինչպես տեսնում եք՝ նրանք չկան»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ անցած տարի նախադեպ եղել է, երբ ադրբեջանցի պատվիրակները մասնակցել են Երեւանում «ԵՎրանեսթի» խորհրդարանական վեհաժողովին:

«Կան անվտանգության այդ պրոտոկոլները եւ մենք պատրաստ էինք դա անել, բայց չեն եկել: Դա իրենց որոշելիքն է:

Նշենք, որ Երևանում այսօր՝ նոյեմբերի 18-ին մեկնարկել է ԵԱՀԿ Խորհրդարանկան վեհաժողովի աշնանային նստաշրջանը։ Այն տեղի է ունենում Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում եւ կտեւի մինչեւ նոյեմբերի 20-ը:

Համաժողովն անցկացվում է «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո։ Օրակարգում են նաև կոռուպցիայի դեմ պայքարին ու փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր։

Նստաշրջանին մասնակցելու համար Հայաստան կժամանեն շուրջ 50 երկրի 300 պատվիրակ: Հյուրընկալող կողմն Ազգային ժողովն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել