Hraparak.am-ը գրում է.

«Արցախի պետական ինստիտուտների պահպանումը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։


Լրագրողների հարցին, թե Արցախի հարցը փակվա՞ծ է, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Մենք ունենք արցախահայության մեծ խնդիր։ Այնտեղ պետականություն ստեղծելու կամ պետական ինստիտուտներ պահելու եւ զարգացնելու, ինչ-որ բան անելու նպատակ ես չեմ տեսնում եւ համարում եմ, որ դա ՀՀ անվտանգությանը ուղիղ սպառնալիք է եւ հարված։ Եվ կոչ եմ անում մնացած բոլոր գործընկերներին նույն տրամաբանությամբ շարժվել»:

Այն, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը ՀՀ իշխանությունների օրակարգում չկա և դա պետական քաղաքականության գիծ է, այլ ոչ թե մեկ ՔՊ-ականի տեսակետ, պարզ է դառնում նաև պետական բյուջեի նախագծից։ ՀՀ 2024 թվականի բյուջեի նախագծով Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար ֆինանսավորում նախատեսված չէ։

Նկատենք, որ իշխանություններն ամեն հարմար առիթով հայտարարում են, որ Արցախի ինստիտուտների պահպանումը խիստ վտանգավոր է ՀՀ-ի համար: Օրեր առաջ էլ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էր այդ մասին նշել իր հարցազրույցներից մեկում:

Նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադառնալով անդրադառնալով Արցախի պետական ինստիտուտների պահպանմանն, ասում է. «Հայաստանի Հանրապետությունը քանի ունի այս իշխանությունը, Արցախ բառն ինքնին սուր է համարվելու մեր պետության համար։ Իրենք ուրացան, վաճառեցին Արցախը, իսկ վաճառելուց հետո ինստիտուտների պահպանումը նոր վտանգ է լինելու։ Նոր պահանջ կամ այլ բան դրա փոխարեն, ուստի իրենք նախընտրում են ոչնչացնել ու բնաջնջել այն ամենն, ինչը կապված է Արցախի հետ: Իրավատեր չլինելու վերջնական սաղմերն են ոչնչացնում, չկա քաղաքացի, չկա և պետություն, Արցախի Հանրապետությունը կարող է լուծարվել միայն հանրաքվեով, իսկ սրանք հիմա բոլոր հնարավոր միջոցներով արցախցուն գրանցումից զրկում են, որ այլևս խնդիր չլինի հանրաքվեի. թոշակ չես ստանա՝ մինչև Հայաստանի գրանցում չլինի, նպաստ չես ստանա, զինգրքույկը մարդկանց չեն տալիս` պահանջելով Հայաստանում գրանցում, ու այսպես շարունակ: Այս ամենից հետո ավտոմատ կերպով Արցախի ինստիտուտները չեն պահպանվում», - եզրափակում է Սոֆյա Հովսեփյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել