ArmLur.am-ը գրում է․

Մարիամը և Շամը մինչև 44-օրյա պատերազմը ապրում էին Շուշիում: Անտեսելով պատերազմի թողած հետևանքները ՝ նրանք վերադառնում են Արցախ, ամուսնանում և վարձով բնակվում Ստեփանակերտում:

«Երկու անգամ շատ ծանր ավտովթարի է ենթարվել, որ տեսնողներն անգամ զարմանում էին ինչպես է ողջ մնացել: Չնայած ծանր վթարին՝ վնասվածքները թեթև էին: Անցել է երեք պատերազմ, ողջ առողջ վերադարձել: Պատերազմից երբեք ոչինչ չի պատմել ինձ, չգիտեմ ինչ փորձությունների է ենթարկվել: Միշտ ասում էր. «ինձ կատվի կյանք ունեմ, ամեն փորձությունից փրկվում եմ»,- Armlur.am-ին պատմում է Մարիամը:

Մարիամը, անդրադառնալով բլոկադային, ասում է, որ դժվարությունները շատ էին, բայց հիմա երանի է տալիս այդ նեղ օրերին, երբ բոլորով էին, միասին, ուրախ իրարով:
«2023թ. պատերազմից հետո, երբ արդեն հայտարարել էին Արցախը լքելու մասին, ամուսինս գնաց «Ցոր» զորամաս, երկար հերթ կանգնեց, սակայն հերթն իրեն չհասավ: Հայտարարեցին, որ էլ բենզին չկա: Ցորից գնաց Հայկազով: Էլի հերթ կանգնեց: Այնտեղ գիտակցություն վատացավ և ուշաթափվեց: Երբ ուշքի եկավ շարունակեց մնալ հերթում, որովհետև արդեն մոտ էր իր հերթին: Այսքանը նա ինձ անձամբ է պատմել, երբ արդեն ծանր վնասվածքներով հիվանդանոցում էր»,- հուզումնախանռն ասում է Մարիամը:

Շամ Սարգսյանին նախ տեղափոխել են Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց, այնուհետև ծանր վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխել են Երևան:
«Ծանր վիրավորների մոտ հարազատներին չէին թողնում մտնել, սակայն քանի որ քույրս բժշկական համալսարանի ուսանողուհի է, որպես բուժքույր աշխատում էր այնտեղ: Քույրս պատմում է, որ երբ մտավ հիվանդասենյակ այդքան էլ լավ վիճակում չէր սենյակը, սկսեց հավաքել ու սրբել և լսում էր, որ ինչ-որ մեկը նվաղ ձայնով Ժուլի էր կանչում: Քույրս ասում է անճանաչելի վիճակում էր, երբ ասաց, որ Շամն է նոր հասկացավ, որ ամուսինս է»,- պատմում է Մարիամը:

Քրոջ միջոցով Մարիամն իմացավ, որ հիվանդասենյակում է ամուսինը: Շատ խնդրելուց հետո՝ նրան թողեցին մտնել տեսակցության:
«Մտա նրա մոտ (գիտեր, որ երկար չեմ կարող մնալ) մի անգամից սկսեց հարցնել երեխայից, ասացի, որ նրա հետ ամեն ինչ կարգին է: Հետո նա պատմեց պայթունի մասին, ասում էր անգամ սարսափ ֆիլմերում նման պատկեր չէր տեսել: Ամբողջությամբ ծխի մեջ էին, կրակն ամբողջությամբ տարածվել էր. ձայները, այդ հոտը սարսափելի էին: Վերջում ասաց ինձ կատվի կյանք ունեի, բայց այս մեկը հաստատ վերջինն է»,- պատմում է կինը:

Մարիամը նաև պատմեց, որ բժիշկներն ասում էին, որ շատ սուր ցավերի ժամանակ անգամ ձայն չէր հանում, կարողանում էր ինքնուրույն ջուր խմել: Այրվածքները ծանր էին և ավելի շատ հետք էին թողել երիկամների վրա, ինչի պատճառով էլ նա չդիմացավ:
Հիմա Մարիամն ապրում է Չարենցավանում ամուսնու՝ 16 հոգանոց ընտանիքի և բարեկամների հետ: Աշխատանք փնտրել դեռ չի փորձում, ասում է երեխան շատ է փոքր, մենակ թողնել չի կարող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել