Hraparak.am-ը գրում է․

Երեկ տեղեկացանք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցում նրան տեղեկացրել է, որ չի մասնակցելու Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Այս լուրը ռուսական մեդիա-փորձագիտական տիրույթում բավականին ակտիվ քննարկվել է։ Ներկայացնում ենք արտահայտված հիմնական տեսակետները։


Ըստ ամենից տարածված կարծիքի՝ Հայաստանի ղեկավարությունը սկսել է ՀԱՊԿ-ից դուրս գալու դանդաղ գործընթաց։ Որոշ ռուս փորձագետներ հատկապես հատկանշական են համարում Բրյուսելում նոյեմբերի 9-10-ին տեղի ունեցած «Հայաստանի ռազմավարական ապագան․ Հայաստան-Եվրո» ֆորումի ժամանակ ընդունված հռչակագիրը եւ այդ ֆորումին ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի մասնակցությունը։ Դեկլարացիայից ռուսներն առանձնացրել են այն, որ Հայաստանի ռազմավարական հեռանկարը Եվրոպայի հետ ինտեգրացիան է, եւ այն, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից եւ շարունակի հարաբերությունները Ռուսաստանի հետ բացառապես երկկողմ մակարդակում։

Ռուս փորձագետների մեկ այլ խումբ էլ ուշադրություն է դարձրել հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության, Ֆրանսիայի կողմից Հայաստանին սպառազինությունների մատակարարման վրա։ Ռուսների համար այս հարցում խնդրահարույցը հատկապես այն է, որ ֆրանսիական սպառազինությունները Հայաստանը ստանալու է Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Իսկ այդ հիմնադրամը պահանջում է, որ արեւմտյան արտադրության սպառազինությունները չպետք է օգտագործվեն ՌԴ եւ ՀԱՊԿ համատեղ ռազմական նախագծերում, եւ ապա՝ այն սպառազինությունները, որոնք դուրս կգան կիրառումից եւ կփոխարինվեն ֆրանսիական նոր սպառազինություններով, պետք է տրամադրվեն Ուկրաինային, եւ, բացի այդ՝ Հայաստանը պետք է ավելի ակտիվ կերպով հումանիտար օգնություն տրամադրի Ուկրաինային։

Ռուս փորձագետների համար այս համատեքստում թիվ մեկ հարցն այն է, թե ինչպես է իրեն պահելու Մոսկվան, եթե Երեւանը սկսի սպառազինություններ փոխանցել Ուկրաինային, դրանք փոխարինելով ֆրանսիական նոր սպառազինություններով։ Կա նաեւ կարծիք, որ արցախյան վերջին պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական փակուղուց Հայաստանը փորձում է դուրս գալ՝ փոխելով իր արտաքին քաղաքականության վեկտորը։ Ավելի արմատական տրամադրվածներն արդեն հայտարարում են, որ Հայաստանը սկսել է չմասնակցել ցանկացած միջոցառման, որտեղ մասնակցում է Ռուսաստանը՝ շարունակելով երկու աթոռներին նստելու քաղաքականությունը (նաեւ հարց են բարձրացնում, թե դեռ հայտնի չէ՝ Արեւմուտքում պատրա՞ստ են իրենց շարքերն ընդունել Փաշինյանին)։

Մոդեստ Կոլերովի համար էլ կարեւոր է ոչ այնքան Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցը, որքան դրան Կրեմլի արձագանքը։ Ըստ նրա՝ Ռուսաստանը շարունակում է ստորանալ «Պեսկովի թեթեւ ձեռքով»՝ հայտարարելով, թե Մոսկվան ափսոսում է, որ Փաշինյանը չի մասնակցելու ՀԱՊԿ Մինսկի գագաթնաժողովին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել