Hraparak.am-ը գրում է.

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի 12 հանդիպում արդեն կայացել է, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Մարիա Զախարովան։
«Եռակողմ աշխատանքային խումբը՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ, զբաղվում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ։ 


Մեր խորին համոզմամբ՝ այս գործընթացը կենսական դեր է խաղում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, նպաստում է կայունացմանը և ողջ Հարավային Կովկասի տարանցիկ ու նյութատեխնիկական ներուժի բացահայտմանը։

Երեք երկրների ղեկավարները որոշել են ստեղծել այս եռակողմ աշխատանքային խումբը 2020 թվականի աշնանը Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից ընդամենը մի քանի ամիս անց։ Արդեն կայացել է այս խմբի 12 հանդիպում։ Մեծ աշխատանք է կատարվել տարածաշրջանային լոգիստիկ ենթակառուցվածքի ներկա վիճակը գնահատելու համար»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով, «հաջողվել է շատ մոտ լինել փաթեթային լուծմանը հասնելուն, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին». 

«Ինչպես նախկինում, մենք այժմ էլ պատրաստ ենք անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացներին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ եռակողմ հայտարարությունների հիման վրա»,-հավելել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել